1 Ես Սաղաթիէլ՝ որ և Եզր կոչեցայ. և ՚ի Բաբելոն յամին երեսներորդի կայի յանկողնի իմում, 2 և զմտաւ ածէի վասն աւերածոյն Սիոնի, և վասն շինածոյն Բաբելոնի, 3 և անդէն իսկ ապշեալ լինէի ՚ի հոգի իմ, և սկսա՛յ ասել ցԲարձրեալն զբանս ահագինս։ 4 Եւ ասացի. Ասեմ Տէր Աստուած իմ. Դու արարեր զերկինս և զերկիր և զամենայն որ ՚ի նոսա. 5 և յետ այնորիկ ստեղծեր անապական ձեռօք քովք զմարդն, և փչեցեր ՚ի նմա շունչ կենդանի, և է առաջի քո. 6 և եդիր ՚ի դրախտին փափկութեան զոր տնկեաց աջ քո 7 որում պատուէր ետուր զի ծանիցեն թէ քո գործ է։ Եւ նա էանց զայնիւ, և պատրեցաւ։ Վասն որոյ յիրաւի որոշեցեր վաղվաղակի վասն նորա զմահ, և ամենեցուն որ ՚ի նմանէ ազգ էին, 8 որք և անցին զօրինօք սրբոց քոց հրամանաց. զի եղեն ազգ և ազինք, և տոհմք ՚ի նոցանէ, որ ո՛չ գոյ թիւ. 9 ածեր ՚ի վերայ նոցա զջրհեղեղն և կորուսեր զնոսա։ 11 Խնայեցեր ՚ի ծառայն քո Նոյ. և վասն նորա յորդիսն նորա ամենայն տամբն իւրով. և եգիտ շնորհս առաջի քո։ 12 Եւ դարձեալ ՚ի զաւակէ նորա բազմացուցեր զմարդիկ. և նոքա նոյնպէս ամբարշտեցան առաջի քո. և ելին անօրէնութեամբք իւրեանց, և զհետ գնացին անօրէնութեանն։ 13 Գտաւ այր մի ՚ի նոսա որում անուն էր Աբրահամ. 14 զոր սիրեցեր և հաճեցար ընդ նա միայն, 15 և եդիր ընդ նմա՛ ուխտ բազմացուցանել զզաւակ նորա իբրև զաստեղս երկնից բազմութեամբ. և իբրև զաւազ առ ափն ծովու անչափ. և այնպէս ետուր նմա՛ որդի զԻսահակ, և Սահակայ զՅակոբ. 16 և Յակոբայ այլօք մետասանիւքն հանդերձ զՅովսէփ, և վասն Յովսեփայ տարար զհարսն յԵգիպտոս և կերակրեցեր զնոսա ամս բազումս։ 17 Եւ յետ այնորիկ հաներ զնոսա ՚ի ձեռն ծառային քում Մովսէսի, և տարար զնոսա յԵգիպտոսէ ՚ի յանապատն. և կերակրեցեր զնոսա ամս քառասուն, և յետ այնորիկ տարար զնոսա յերկիրն զոր խոստացար ծառային քո Աբրահամու. և ետուր նոցա օրէնս, և ո՛չ պահեցին. և ետուր նոցա դատաւորս դատել և խրատել զնոսա յօրէնս քո ամս բազումս, մինչև ցՍամուէլ մարգարէն՝ որ կարդայր զանուն քո։ Քանզի կայր և մնայր ՚ի նոսա ախտ. 23 մերժեցան օրէնք քո ՚ի սրտից նոցա, մինչև կացուցեր ՚ի վերայ նոցա իշխան զԴաւիթ ծառայն քո։ 24 Ցոր և ասացեր դարձեալ շինել զԵրուսաղէմ. և ՚ի նմա մատուցանել քեզ պատարագս։ Յետ նորա յարուցեր զորդի նորա զՍողոմոն. որում հրամայեցեր շինել զտաճարն ՚ի տեսիլ գիշերոյն. և ՚ի նմա առնել ամենայն ժողովրդեանն զաղօթս, և մատուցանել զպատարագս։ 25 Եւ իբրև այն լինէր, մեղաւ ժողովուրդն որ ՚ի քաղաքին բնակեալ էր 27 և վասն նորա մատնեցաւ քաղաքն ՚ի ձեռս հեթանոսաց որ շուրջ զնովաւն էին։ Իսկ մինչդեռ էաք յերկրին մերում, ասէի ՚ի սրտի իմում. 28 Միթէ լաւագոյն ինչ գործեն որ ՚ի Բաբելոն բնակեալն են, և վասն այնորիկ արհամարհեցաւ Սիոն։ 29 Զի իբրև եկի այսր, տեսի ամբարշտութիւն բազում որ ո՛չ գոյ թիւ. և ապստամբս բազում յոյժ ետես անձն իմ, այս ահա երեսուն ամ. Վասն այնորիկ զարմացեալ է սիրտ իմ, 30 զմտաւ ածելով թէ որպէս ներես անօրինաց, և խնայեցեր յամբարիշտսն, և կորուսեր զժողովուրդսն քո. և խնայեցեր ՚ի թշնամիսն քո։ 31 Մի եթէ լաւագոյն ինչ գործեաց Բաբելոն քան զՍիոն. 32 և կամ այլազգի ոք ծանեաւ քան զԻսրայէլ. և կամ որ ազգ հաւատաց ուխտի քում իբրև զՅակոբ. 33 որոց պտուղն ո՛չ երևեցաւ։ Շրջելով շրջեցա՛յ ընդ ազգս և գտի զնոսա յղփացեալս, որք ո՛չ յիշէին զպատուիրանս քո։ 34 Արդ այժմ եթէ կշռիցես ՚ի կշիռս զմեր անօրէնութիւնս և զհեթանոսաց, գտցի ՚ի կշիռս կշռոցն՝ եթէ յո՛ր կոյս հակիցէ. 35 ե՞րբ ո՛չ մեղան բնակիչք երկրիս այսորիկ առաջի քո. ո՞ր ազգ պահեաց զպատուիրանս քո 36 թերևս ուրեք նուազարանս գտանիցես ազգ, և ո՛չ ուրեք։
1 Եւ յետ խորհելոյն իմոյ զայս՝ առաքեցաւ առ իս հրեշտակ մի՝ որոյ անուն էր նորա Ուրիէլ, 2 խօսել սկսաւ ընդ իս և ասէ. Ափշեալ է սիրտ քո յայսմ կեանս, առ ՚ի կամել քեզ հասու լինել ճանապարհի Բարձրելոյն։ 3 Եւ ասեմ. Աղաչեմ զքեզ խելամուտ արա՛ զիս։ Ետ պատասխանի և ասէ ցիս. Առաքեցա՛յ՝ առակս երիս դնել առաջի քո, և ճանապարհս երիս ցուցանել քեզ, 4 յորոց եթէ զմին ասիցես ինձ. և ես քեզ ասացից վասն որոց փափագեալդ ես գիտել։ 5 Ետու պատասխանի և ասեմ. Ասա՛ տէր իմ։ Եւ ասաց ցիս ե՛րթ կշռեա՛ դու ինձ զկշիռս հրոյ, և կամ զծանրութիւն հողմոյ. և կամ ընդ կրո՛ւնկ դարձո՛ զօրն անցեալ։ 6 Ետու պատասխանի և ասացի. Ո՞վ ՚ի մարդկանէ կարէ առնել զայդ, զի ես արարից։ 7 Եւ ասաց ցիս. Ապա եթէ էր իմ հարցեալ զքեզ՝ քանի՛ շտեմարանք են ՚ի սիրտ ծովու, կամ քանի՛ առաջք երևին երակաց խորոց, կամ քանի՛ շաւիղք են ՚ի վերայ հաստատութեանն. կամ քանի՛ ելք են դժոխոց, կամ քանի՛ մուտք են դրախտին։ 8 Ապա՛ եթէ ասիցես ինձ՝ ՚ի ծով ո՛չ իջի, և ո՛չ իսկզբանէ եղէ ընդ անդունդս. և ո՛չ ելի ՚ի վերոյ քան զերկինս. և ո՛չ իջի ՚ի դրունս դժոխոց. ո՛չ մտի ՚ի դրախտն.9 այժմ ո՛չ հարցից քեզ զայդ. այլ վասն հրոյ, և հողմոց, և տուընջեան, որոց սովորն ես, և յորոց ո՛չ կարես հեռի լինել. 10 զի որ ինչ ընդ քեզ սնեալն են ո՛չ կարես ճանաչել. 11 զիարդ կարես այնչափ ճանապարհաց Բարձրելոյն հասու լինել. քանզի անհաս է ճանապարհ Բարձրելոյն. ապականցու ես, և յապականելի կեանս բնակեալ ես՝ ո՛չ կարես ճանաչել զճանապարհս անապականին։ 12 Ետու պատասխանի և ասացի ցնա. Լաւագոյն էր մեզ եթէ ո՛չ էաք ծնեալ, քան եթէ կեցեալ ամբարշտութեամբ և ՚ի տանջանս մտեալ, և չիմանալ եթէ ընդէր գայթակղիմք։ 13 Ետ պատասխանի և ասէ ցիս. Լուր առակին. Չոգաւ գնաց անտառին փայտն ՚ի դաշտն. խորհեցաւ, 14 և ասէ ցընկերս իւր. Եկայք երթիցուք տացուք պատերազմ ընդ ծովու, զի հեռացեալ մերժեսցի առաջի մեր, զի արասցուք ՚ի նմա՛ այլ անտառս։ 15 Դարձեալ ալիք ծովուն խորհեցան երթեալ կռուեալ ընդ անտառ դաշտին՝ պատրաստել իւրեանց այլ տեղի. 16 եկն հուրն և այրեաց զանտառն. 17 նոյնպէս և աւազն եկաց ընդդէմ, և արգել զալիսն։ 18 Արդ եթէ էիր դատաւոր՝ զո՞ ՚ի նոցանէ արդարացուցանէիր, և կամ դարձեալ զո՛վ պարտաւորէիր։ 19 Ասացի զերկոսեանն, զի ՚ի նանիր խորհուրդ խորհեցան. քանզի երկիր տուաւ անտառաց. իսկ տեղի աւազոյ ծովու զդէմ ունել ալեացն։ 20 Եւ ասաց ցիս. Բարւոք դատեցար. ընդէ՞ր զոր ասացի քեզ ապա ո՛չ դատեցար. 21 որպէս երկիր տուաւ անտառոց, և տեղւոյ աւազոյ ալեացն. այնպէս և որ յերկրի են՝ տուեալ են զերկրաւորս գիտել. և որ յերկինս են զերկնաւորն ճանաչել։ 22 Եւ ասացի ես. Խնդրեմ ՚ի քէն Տէր, իսկ ընդէ՞ր տուան ինձ այնպիսի միտք զայնպիսիսն ածել զմտաւ 23 զի ոչինչ յօգուտ է ինձ հարցանել որ ՚ի վեր է քան զամենայն. այլ լաւ է մեզ զայն գիտենալ՝ որ ընդ մեզ հանապազ անցանեն վիշտք։ Արդ՝ ընդէ՞ր Իսրայէլ մատնեցաւ ՚ի ձեռս հեթանոսաց. և զոր Աստուած սիրէր զժողովուրդն, մատնեցաւ ՚ի ձեռս ամբարշտաց. և մոռացան օրէնք հարցն մերոց. և գրեալ կտակարանքն ո՛չ ուրեք գտանին. 24 և կամք աստ իբրև զմարախ որոց ո՛չ գոն օրէնք, ո՛չ հրամանք, ո՛չ կտակարանք. և գնամք յաշխարհէս՝ չեղեալք արժանի քո ողորմութեանդ. 25 զի՞նչ ևս աւելի ընկալցուք մեք, յորս կոչեցաւ անուն նորա ՚ի վերայ մեր։ 26 Ետ պատասխանի և ասէ ցիս. Այժմ մինչդեռ աստէն ես՝ տեսանես, անդր երթեալ՝ զարմասցիս. քանզի փութաց այս աշխարհս անցանել՝ 27 առ ՚ի չհանդարտել բառնալ զիւրոյ ժամանակի զչար. վասն զի մարդիկ աշխարհիս այսորիկ լի են անօրէնութեամբ. 29 վասն որոյ և անցցեն ՚ի վերայ նոցա կալք. զի եթէ ո՛չ նախ եկեսցէ ՚ի վերայ նոցա հունձք.և ո՛չ արդարոցն հասցէ օր բարկութեան, որ բարութեանց են պտուղք։ 30 Աղէ ա՛ծ զմտաւ, զի եթէ սակաւ յանցումն Ադամայ այնչափ չար գործեաց, աճեցեալ յայնմհետէ չարն ՚ի վերայ երկրի՝ ո՞րպէս կորուստ որք անօրինին պատրաստին։ 33 Պատասխանի ետու և ասեմ. Մինչև ցե՞րբ իցէ այս։ 34 Եւ ասաց ցիս. Չես իմաստնագոյն քան զԲարձրեալն, թէ արասցես վաղվաղակի հասանել զկատարածն. զի դու փութա՛ վասն քո միայն. իսկ Բարձրեալն երկայնամտէ վասն բազմաց։ 35 Քանզի վասն նորա խնդրեցին ՚ի Բարձրելոյն անձինք արդարոց՝ և ասեն. Մինչև յե՛րբ եմք աստ, երբ եկեսցէ հասցէ վարձք ժամանակեա՛յ մերոյ։ 36 Ետ պատասխանի Տէր նոցա՝ և ասէ. Համբերեցէ՛ք մինչև լցցի սահմանեալ ժամանակն. 37 քանզի չափով չափեաց զամս. և կշռով կշռեաց զյաւիտենականսն, և թուով թուեաց զժամանակս. մի՛ շարժեսցէ, և մի զարթուսցէ մինչև հասցէ սահմանեալ ժամանակն։ 38 Ետու պատասխանի և ասեմ. Խնդրեմ ՚ի քէն Տէր՝ ՚ի բազում գթութենէ Բարձրելոյն, զի համբերէ վասն մեր անօրինացս, առ ՚ի չածելոյ զկատարածն. 39 այլ երկայնամտէ վասն մեր զարդարսն առ ՚ի վայելել նոցա զբարիս զոր խոստացեալ է նոցա։ 40 Ետ պատասխանի և ասէ. Այդպէս իսկ է որպէս ասացերդ. Բայց եկեսցէ ՚ի ժամու իւրում. զի որպէս կին մարդ ո՛չ կարասցէ յառաջ քան զսահմանեալ ժամանակն ծնանել, եթէ ո՛չ իններորդ ամիսն լցցի. 42 որպէս կին փութայ ՚ի հասանել ժամանակին ապրել յերկանց, և ՚ի վշտէ ծննդոցն. նոյնպէս շտեմարանք երկրի փութան հատո՛ւցանել զպտուղն՝ որ հատուցանելոցն է նմա՛. 43 արդ յորժամ եկեսցէ ժամանակն, տեսցես և ծանիցես. վասն որոց ցանկացեալն ես գիտել։ 44 Եւ խնդրեցի ՚ի նմանէն, և ասեմ. Աղաչեմ զքեզ Տէր, եթէ գտի շնորհս առաջի քո. և եթէ արժանի եմ, 45 յայտնեա՛ ինձ վասն ժամանակին, եթէ աւելի անցեալ է, կամ կացցէ։ 47 Եւ ասաց ցիս. Կա՛ց յաջակողմն կոյս, և ցուցից քեզ զկերպարանս առակին։ 48 Եւ կացի։ Եւ եցոյց հնոց բորբոքեալ՝ և եղև յորժամ վախճանեցաւ բոցն, և ելանէր ծուխ. 49 և յետ վայրի միոջ եկն ամպ ջրալից, և արկ անձրև սաստիկ յոյժ. և յետ անցանելոյ անձրևին ցօղ։ 50 Եւ ասաց ցիս. ՚Ի մի՛տ առ զայս. որպէս յաճախէ հուրն քան զծուխն, և անձրևն քան ցօղն. այնպէս յաճախէ անցեալ մասն ժամանակի։ 51 Դարձեալ աղաչեցի զնա՛ և ասեմ. Ո՞ ՚ի մէնջ կենդանի իցէ արդեւք. կամ ո՞վ ՚ի մէնջ իցէ արդեւք յաւուրսն յայնս. և կամ զինչ նշան իցէ ժամանակացն այնոցիկ։ 52 Ետ պատասխանի և ասէ ցիս. Վասն նշանացն կարեմ քեզ ասել, իսկ վասն կենաց ձերոց ո՛չ առաքեցա՛յ ասել քեզ։
1 Լո՛ւր վասն շնորհացն. Ահաւասիկ աւուրք գան. և յաւուրն յայնս զարմասցին մարդիկ զարմանալիս մեծամեծս, ղօղեսցէ յուղղութենէ հաւատոց ճշմարտութեանն. 2 և յետ բազմանալոյ յամբարշտութեանն, եղիցին ոմանք ՚ի վերայ երկրի խօսել, կամ կորստանօք ստութեամբ և առասպելեօք՝ այլայլիւք՝ ոմանք մոլորեալք ՚ի կեղծաւորութեան սրբութեան պաշտամանն ըմբռնեալք անժուժկալութեան. 3 և եղիցի անհանգիստ և անճանապարհ և անապատ այս երկիր նախ յառաջ զոր դու տեսանես. 4 թէ տացէ Աստուած, տեսցես զարմանալիս։ Յետ երրորդ տեսլեանն եղիցի երկիր ամբոխեալ, և երևեսցի արեգակն ՚ի գիշերի և լուսին ՚ի տուընջեան, 5 և ՚ի փայտէ արիւն կաթեսցէ, և ՚ի քարէ բարբառ լուիցեն, ժողովուրդք ընդ ժողովուրդս հարցին և բռնասցին նշանագործք, զօրասցին առասպելարկուք։ 6 Եւ ՚ի ժամանակին յայնմիկ ծով բազում անգամ տեղիս փոխեսցէ, և վիհք եղիցին. և օդք փոխեսցին, և թռչունք երկնից տեղափոխեսցին. 7 և Սոդոմայեցւոց ծովն ձկունս եռացուսցէ. 8 և հուր բազում անգամ առաքեսցէ. և նշան ՚ի կանանց ծնցի, 9 և ՚ի ջուրս քաղցրունս աղւութիւն գտցի։ Մարտիցեն մարդիկ ընդ միմեանս, որդիք ընդ հարս, և հարք ընդ որդիս. մարք ընդ դստերս հակառակք ընդ միմեանս, եղբարք ընդ եղբարս. սիրելիք ընդ ծանօթս. ազգ ընդ ազգս. ժողովուրդք ընդ ժողովուրդս. քահանայք ընդ քահանայս. և թաքուսցեն զարդար զպատուիրանս Բարձրելոյն. 10 և հզօրասցի ՚ի նոսա ստութիւն և մերժեսցի իմաստութիւն սրբոց. և յետ այնորիկ խնդրեսցեն և ո՛չ գտցի. զի բազմասցին ատելութիւնք, և յաճախեսցէ ստութիւն. և հպարտասցին հարք նոցա, և նուազեսցին ուղիղք, 11 և հարցէ երկիր զմերձաւորս իւր՝ և ասասցէ. Միթէ ոք գնասցէ ՚ի վերայ քո որ ունէր զհաւատս. և խօսէր զճշմարտութիւն. կամ գործէր զարդարութիւն, կամ ատէր զանօրէնութիւն, կամ ՚ի կողմ անկանէր ճշմարտութեան. կամ առնէր զողորմութիւն, կամ ատէր զյափշտակութիւն, կամ խնդրէր զԲարձրեալն ամենայն սրտիւ իւրով, կամ սիրէր ոք սրբութեամբ ընկեր զընկեր իւր։ Տացէ պատասխանի և ասասցէ. Եթէ ո՛չ ոք գտանի առ իս այսպիսի, 12 ըստ այնմ ժամանակաց ակն կալցին մարդիկ առնուլ ինչ ՚ի Բարձրելոյն, խնդրեսցեն և ո՛չ առցեն. Վաստակեսցեն աշխատանօք և ո՛չ հանգիցեն. ճաշեսցեն և ո՛չ վայելեսցեն ՚ի գործոց ձեռաց իւրեանց, գնասցեն, և ո՛չ ուղղեսցեն ճանապարհք իւրեանց. ըմբռնեսցեն ՚ի վախճան ժամանակաց. ՚ի ցաւոց և ՚ի տրտմութենէ և ՚ի հեծութեանց. քանզի ո՛չ միայն փոխեցին զօրէնսն, այլև զնոյն ևս զԲարձրեալն ՚ի վերայ երկրի որչափ ՚ի նոսա էր. վասն այնորիկ եկեսցէ ՚ի վերայ նոցա չար, և թագաւորեսցէ յատենի Բարձրեալն, և եկեսցէ փոխեսցէ զնոսա. և ցուցցէ յիւրմէ զփառս Բարձրեալն ՚ի նոսա. յայնժամ հատուսցէ նոցա զտանջանս, որպէս և խորհեցանն ամբարտաւանութեամբ, և անարգեսցէ զնոսա նոյնպէս։ 13 Զայս զնշանս հրամայեցաւ ինձ ասել քեզ. թէ դարձեալ միւսանգամ պահօք և արտասուօք խնդրեսցես ՚ի Բարձրելոյն իբրև զաւուրս եւթն, և լուիցես քան զայս մեծամեծս։ 14 Եւ իբրև զարթեա՛յ՝ և լուեա՛լ զայս ՚ի մտի ունէի, և յերկեղէն եղծան կերպարանք մարմնոյ իմոյ. և զօրութիւն իմ հեռացաւ յինէն, և մերձեցաւ անձն իմ ՚ի նուազել։ Ածի զմտաւ և ասեմ. Եթէ ո՛չ ոք կարէ ապրել ՚ի մէնջ, և մեռանիմ որպէս զանասունս, յորս ո՛չ գոյ ՚ի նոսա իմաստութիւն և տանջին ՚ի տանջանսն յաւիտենից։ Զայս իմ յոյժ զմտաւ ածեալ հոգայի։ 15 Եկն դարձեալ Ուրիէլ հրեշտակ՝ և զօրացոյց զիս, և հաստատեալ կացոյց զիս ՚ի վերայ ոտից իմոց, և ասաց ցիս. Մի՛ տրտմիր, զի ցուցաւ քեզ յառաջ քան զժամանակն զոր առնելոց է Բարձրեալն յաւուրսն վախճանին. գտեր շնորհս յԱստուծոյ։ 16 Եւ յետ այսորիկ եկն առիս Փանուէլ, որ էր առաջնորդ ժողովրդեանն, և ասէ ցիս. Ընդէ՞ր այդպէս տգեղացաւ գոյն երեսաց քոց. 17 ո՛չ գիտես եթէ Իսրայէլ քեզ յանձնեաց յայսմ աշխարհիս պանդխտութեանս մերոյ։ 18 Յոտն կաց և ճաշակեաց հաց՝ զի մի՛ վախճանեսցիս և թողուցուս զմեզ որպէս զհօտ իւր ՚ի ձեռն գայլոց չարաց։ 19 Եւ ես ասացի ցնա. ՚Ի բա՛ց երթ յինէն, և մի՛ մերձենար յիս ցեւթն օր։ Եւ գնաց յինէն ըստ բանին։ 20 Եւ ես լալով և ողբալով պատմէի զմեղս իմ, և պահեցի զեւթն օր, որպէս և հրամայեաց ինձ հրեշտակն։ 21 Եւ եղև յետ լնլոյ եւթն աւուրցն՝ դարձեալ խորհուրդք սրտի իմոյ ստիպէին զիս յոյժ։ 22 Ընկալաւ սիրտ իմ զհոգի իմաստութեան. և սկսայ ասել առաջի Բարձրելոյն զբանս զայս։ 23 Եւ ասացի. Ո՞վ Տէր՝ դու ես որ կամօք Բարձրելոյն, զամենայն արարեր և պատրաստեցեր. և իմաստութեամբ քով զամենայն վարես, և հատուցանես իւրաքանչիւր ըստ ճանապարհաց իւրեանց։ Դու Տէր յամենայն նիւթոց փայտից ընտրեցեր քեզ զորթ ծառ. 24 և յամենայն ծաղկանց՝ զշուշան ծաղիկ. 25 և յամենայն թռչնոց՝ աղաւնի, և յամենայն չորքոտանեաց՝ զոչխար, 26 և յամենայն բազմութեան ջուրց՝ զՅորդանան գետ. յամենայն քաղաքաց՝ զՍիոն քաղաք. 27 և յամենայն բնակութեանց երկրի՝ զերկիրն սրբութեան. և յամենայն ժողովրդոց երկրի՝ ընտրեցեր զզաւակն Աբրահամու. և յամենայնէ ընտրեալք առ ՚ի քէն օրէնք զոր շնորհեցեր ցանկալի ժողովրդեանն։ 28 Եւ Տէր իմ երկայնամիտ է, որ ո՛չ յիշես զմեղս. և ընդէր մատնեցեր զժողովուրդս քո ՚ի ձեռս ամբարիշտ ազգի. յորոց կոչեցեալ էր անուն քո. և զոր սիրեցեր զաւակ այնպէս ցրուեցեր ընդ հեթանոսս. 29 և կոխան արարեր որպէս զհող երկրի ՚ի ներքոյ ոտից նորա. 30 և ատելով ատեցեր զժողովուրդն քո վասն չար գործոց նոցա. պա՛րտ էր զնոսա ՚ի ձեռաց քոց խրատել։ 31 Եւ եղև իբրև խօսէի ընդ նմա զայս ամենայն. առաքեցաւ առ իս հրեշտակն, որ յառաջ խօսեցաւն ընդ իս յանցանելն ՚ի գիշերին, 32 և ասէ ցիս. Լո՛ւր ինձ և ունկնդի՛ր լեր. և հայեա՛ց, և յաւելից ասել առաջի քո։ 33 Եւ ես ետու պատասխանի և ասեմ. Խօսեա՛ց տէր իմ. զի լուիցէ ծառայ քո։ Եւ ասէ ցիս. Ընդէ՞ր այդպէս զարմացաւ սիրտ քո խորհել զայդպիսի խորհուրդս. մի՛ եթէ դու առաւել ևս քան զԲարձրեալն սիրեցեր զԻսրայէլ։ 34 Եւ ասացի. Ո՛չ տէր, այլ առ վշտի խօսեցայ. քանզի պահանջեն յինէն հանապազ երիկամունք իմ, և խնդրեն հասու լինել շաւղաց Բարձրելոյն, և քննել զմասն մի ՚ի դատաստանաց նորա։ 35 Եւ ասէ ցիս. Որ ՚ի վեր քան զքեզն է մի՛ քններ, և զծածկեալն յորդւոց ՚ի մարդկանէ մի՛ զններ. որ ինչ ասացաւն քեզ, զայն պահեա՛ առ քեզ. և մի՛ քններ զճանապարհս Բարձրելոյն, զի մի վրիպիցես ՚ի նմանէն. զի ո՛չ է պիտոյ քեզ վասն գաղտնեաց։ Եւ ասացի. Ապա ընդէ՞ր ծնայ, և ո՛չ եղև ինձ գերեզման արգանտ մօր իմոյ. զի ո՛չ տեսեալ էր իմ զկորուստն Յակոբայ և զմահն Իսրայէլի, և զլիութիւն հեթանոսաց որ ո՛չ ճանաչեն զԱստուած։ Եւ ասաց ցիս. Մի՛ բռնադատիր գիտել զանգէտսն, ահա ասացի քեզ բան մի՝ եթէ ասասցես ինձ։ 36 Եւ ասացի. Ասա՛ ինձ զթիւ ծնելոցն և զմեռելոցն. պատմեա՛ ինձ զլայնութիւն ծովու և զբազմութիւն ձկանց, կամ զբարձրութիւն երկնից. կամ զգունդս աստեղաց. կամ զընթացս արեգական, կամ զգնացս աստեղաց. կամ զկերպարանս հաստատութեան. կամ զընդարձակութիւն երկրի, կամ զթանձրութիւն հողոյ։ Համարեա՛ դու ինձ զթիւ մազոյ մարմնոց քոց, կամ զքթթել ական քո, կամ զլսելոյ զզօրութիւն, կամ զհոտոտելոյ զպատրաստութիւն, կամ զձեռաց զշօշափումն. կամ զխաղալ երակաց, կամ զմտաց գտցես զհետս, կամ զշնչոյ գտցես զտեսիլ, կամ զչափ, կամ զկերպարանս, կամ զգոյնս, կամ զիմաստութեան զբոյնս, կամ զհաւուց թռչնոց զիմաստութիւն. կամ զընտրութիւն զեռնոց որ ՚ի ցամաքի, և որ ՚ի ջուրս միմեանց թշնամի են. կամ զընթացս առանց ոտից. կամ զշնչել հողմոց. և ամփոփեա՛ դու ինձ զտարած և զսփիւռ և զշիթս անձրևաց, և դալարացո՛ զցամաքեալ ծաղիկս։ 37 Բա՛ց դու ինձ զախեալ շտեմարանս երկրի, և մատո՛ դու ինձ որ ՚ի նմա արգելեալ և փակեալ կան հողմք. և կամ ցո՛յց ինձ զկերպարանս հողմոյ, և կամ զհոգւոյ զտեսիլս, և յայնժամ հասու լիցիս շաւղաց Բարձրելոյն, և ծանիցես զընտրութիւն ճանապարհաց նորա։ 38 Եւ զարմացեալ ընդ բանս ընդ այնոսիկ, և ասացի. Ո՞վ Տէր Տէր. և ո՞վ ՚ի մարդկանէ կարէ զայդ գիտել կամ առնել, եթէ ո՛չ այն որ ընդ մարդկան չէ իւր բնակութիւն։ 40 Եւ ասէ ցիս. Որպէս ո՛չ կարես ՚ի նոցանէն մի ինչ առնել կամ ասել. նոյնպէս ո՛չ կարասցես զիմաստութիւն Բարձրելոյն քննել, և գիտել զզօրութիւն ճանապարհաց նորա, և կամ գտանել զդատաստանս նորա. կամ զվախճան սիրոյ նորա՝ զոր խոստացաւ սիրելեաց իւրոց. և կամ առ ՚ի նմանէ զբարիսն՝ զոր ակն ո՛չ ետես, և ունկն ո՛չ լուաւ, և ՚ի սիրտ մարդոյ ո՛չ անկաւ. և ո՛չ զմտաւ երբէք ա՛ծ մարդ՝ զոր պատրաստեաց Աստուած սիրելեաց իւրոց։ 41 Պատասխանի ետու և ասեմ. Ահա զայս որպէս ասացեր ցիս. որ սրբութեամբ ծառայեցին, և որք լինին նմա հաճոյ, խոստացեալ է. մեք զի՞նչ գործեսցուք մեղաւորքս. զի անօրինեցաք յառաջ քան զգիտելն զայս. և ահա երթամք մեք անդ ունայնք և սոսկք։ 42 Եւ ասէ ցիս. Պսակ ՚ի նմանէն իրաւունք նորա, որպէս ո՛չ նուաղի ՚ի հեղգութենէ նորա, նոյնպէս ոչ յառաջանայ յարագութենէ նորա։ 43 Դարձեալ յաւելի և ասացի ցնա. Ո՛չ կարէ առնել արդեւք, որք անցինն, և որք կանն. որք լինելոցն իցեն միանգամայն. զի վաղվաղակի անցցէ այս աշխարհս, և եկեսցէ դատաստան. և իւրաքանչիւրոք գիտասցէ եթէ զի՞նչ է պատրաստել նմա՛։ 44 Ետ պատասխանի հրեշտակն և ասէ ցիս. Գիտեմ զի որոշեաց Բարձրեալն ըստ ժամանակի, և ՚ի ժամանակի առնել որ ինչ լինելոցն իցէ. և ո՛չ կարեն փութալ արարածք, որպէս սահմանեալ է Բարձրելոյն. քանզի ո՛չ իսկ յանձն առնոյր զամենայն միանգամայն։ 45 Եւ ես ետու պատասխանի, թէ. Զիա՞րդ ասաց Բարձրեալն դարձուցանել զամենայն զմարդկեղէն արարածս. զի եթէ ասաց Բարձրեալն, զամենայնսն միանգամայն յարուսցէ զոր և գտցէ յայնմ ժամանակի՝ զկենդանիս մեռելօք հանդերձ. և յորժամ յարիցեն. և նորոգեսցէ զամենայնսն. և ընկալցի զամենայնսն յայնմ աշխարհ. և համբարիցէ. ընդէ՛ր այժմ այս աշխարհս ո՛չ կարաց ընդունել զամենայնսն միանգամայն։ 46 Եւ ասաց ցիս. Հա՛րց դու ցարգանդ կնոջ՝ և ասա՛ ցնա. Զի եթէ ծնանելոց իցես տասն անգամ, ընդէ՛ր զամենայնսն միանգամայն ո՛չ ծնանիս, այլ մի ըստ միոջէ։ 47 Եւ ասացի ցնա. եթէ՝ ո՛չ կարասցէ զայն առնել։ 48 Ետ պատասխանի և ասէ ցիս. Նոյնպէս և երկիր ո՛չ կարէ զայս առնել, քանզի արգանդի նման է. և որոշել ժամանակաց. և հրամայեալ է ՚ի հնազանդութիւն կալ. 49 զի որպէս մանուկ ո՛չ կարէ ծնանել. և ո՛չ յորժամ պառաւ է՝ կարէ ծնանել. նոյնպէս և ո՛չ երկիր յառաջ քան զժամանակն կարէ առնել։ 50 Ետու պատասխանի և ասեմ ցնա՛. Որովհետև գտի շնորհս առաջի քո, հարցից քեզ բան միւս ևս. զի եթէ արդարև արգանդ է երկիր և ՚ի նմանէ եմք. յայնժամ մանո՞ւկ էր եթէ ծեր։ 51 Եւ ասէ ցիս. Հա՛րց զծնօղն, 52 և ասա՛ եթէ ընդէր զորս ծնարն ո՛չ են նմանք առաջնոցն. այլ նուազք են հասակաւ և տկարք զօրութեամբ. 53 և ասասցէ ցքեզ արգանդն. թէ այլ զօրութիւն էր որ ՚ի մանկութեանն ծնանէի, և այլ որ ՚ի ծերութեանն. 54 իմացի՛ր ևդու թէ տկարք էք դուք քան զառաջինսն. 55 և որ յետ ձեր լինելոց են քան զձեզ. իբրև թէ ՚ի ծերութեանց իցէ երկիր, և անցեալ է մանկութիւն իւր։ Ետու պատասխանի և ասեմ զհրեշտակն. Խնդրեմ ՚ի քէն Տէր. մի՛ դարձուցաներ զերեսս քո յինէն. որ հարցանեմ զքեզ վասն բազմաց. զայս հրամայեա՛ ինձ ուսանել ՚ի քէն. վասն որոց կամիս հարցանել։
1 Եւ ասէ ցիս. Հա՛րց որում ցանկացեալ է անձն քո. և ես պատմեցից քեզ՝ զոր պարտ է քեզ գիտել։ Եւ ասեմ ես. Աղաչեմ զքեզ, լուր ինձ երկայնմտութեամբ, հարքն մեր երկայնմտութեանն հաւատացին. քանզի յայտնի ցուցանէր զինքն նոցա. Ենովքայ, Նոյի, Աբրաամու, Իսահակայ, Յակոբու, Մովսէսի, Ահարոնի, և ամենայն սրբոցն նորա. և յետ սոցա ամենեցուն ունէր ժողովուրդն զգիր օրինացն. և ՚ի նոցանէ ուսուցանէին առնել զկամս Բարձրելոյն։ Իսկ այժմ ո՛չ Բարձրեալն յայտնի խօսի, և սուրբքն փոխեցան աստի. և կտակարանքն այրեցան. ո՛րպէս այս անխրատ ժողովուրդս զկամս Բարձրելոյն գիտասցէ։ Ետ պատասխանի և ասէ ցիս. Բարձրեալն եկեսցէ և արասցէ և ուսուսցէ. բայց ժողովուրդս այս խստապարանոց է, և անթլփատ ամենայնիւ. և մինչև ցվախճան թերեհաւատք. զի եկեսցէ ՚ի վերայ նոցա չար։ Եւ ասացի ցնա. Ո՞րպէս եկեսցէ Բարձրեալն. և կամ յե՞րբ լիցի գալուստ նորա։ Եւ ասէ. Նախ յառաջ եկեսցէ, յետ սակաւ ժամանակի ՚ի կերպարանս որդւոյ մարդոյ. և ուսուսցէ զծածկեալսն, և անարգեսցեն զնա՛. և ուրասցեն, և արասցեն իւրեանց չար, և յետ այնորիկ բազմասցին անօրէնութիւնք, և մոլորեցուսցէ զնոսա հոգին մոլորութեան՝ հարթել զլերինս բարկութեամբ, և առնել նշանս, որպէս եթէ և զոմանս ՚ի սրբոցն մոլորեցուցանել. և յետ այնորիկ Բարձրեալն եկեսցէ ՚ի տեսիլ փառաց, և դադարեցուսցէ զհոգին մոլորութեան, և թագաւորեսցէ նա. և հատուսցէ սրբոց սրբութիւն, և ամբարշտաց զանօրէնութիւն։ Եւ յայնժամ ամենայն անօրէն ազգ ժողովրդեանն կոծեսցին, և ո՛չինչ օգուտ լիցի նոցա, քանզի ուրացան ՚ի նմանէ։ Ահա պատմեցի քեզ զխորհուրդս ամենայն. եղիցի քեզ իբրև զկնիք. վասն այնորիկ ահա պատուիրեմ քեզ ունել քեզ ՚ի մտի մինչև ՚ի լնուլ ժամանակացն. քանզի պատրաստեաց Բարձրեալն. և յառաջ քան զլինել բնութեան երկրի. և յառաջ քան զկշռել զելս աշխարհիս այսորիկ, և յառաջ քան զբազմութիւն օդոց, և յառաջ քան զգոչել ձայնի որոտմանց. 2 և յառաջ քան զլուսաւորական զկարգս աստեղաց, և յառաջ քան զհաստատել զյատակս դրախտին. 3 և յառաջ քան զերևել գեղեցկութեան նորա. և յառաջ քան զօրանալ սաստկութեան շարժմանցն նորա. և յառաջ քան զգումարել զանթիւ զգունդս հրեշտակաց. 4 և յառաջ քան զարարեալ հաստատութեան երկնից. և յառաջ քան զառնել զհիմն երկրի զհաստատութեան ցամաքի. 5 և յառաջ քան զմտաւ ածել զաշխարհս ամենայն. և յառաջ քան զկնքել զվարձս հատուցման, որք զճշմարտութիւն հաւատոցն պահիցեն։ 11 Ետու պատասխանի և ասեմ. Որովհետև գտի շնորհս առաջի քո, 12 ցո՛յց ինձ զնշանն որ լինելոցն է ՚ի վախճան ժամանակաց։ 13 Եւ ասէ ցիս. Որովհետև խուզես և քննես զճանապարհս Բարձրելոյն. արի՛ կաց ՚ի վերայ ոտից քոց։ 17 Եւ յարեա՛ կացի. և ասէ ցիս. 13 Եթէ լուիցես զձայն գոչման, 14 և եթէ շարժեսցի տեղին յորում դուն կայցես. 15 մի՛ երկնչիցիս, զի ՚ի գլուխ ելանելոց է առ ՚ի նմանէն բանն. 16 դողասցէ երկիր, և շարժիցէ առ ՚ի խօսելն ընդ քեզ։ Եւ յետ խօսելոյն իմոյ զայս՝ ահա փառքն Տեառն լուսաւորէին զտեղին յորում կային, 17 և անդէն ձայն եղև խօսելոյ՝ և բարբառ նորա իբրև զձայն ամբոխի յոյժ. կամ որպէս զջուրց հոսանաց բազմաց հեղեղատեալ զառ ՚ի վայր ընթանայցէ։ Եւ ասաց ցիս. 18 Ահաւասիկ եկեսցեն աւուրք յորում կամեցայց այց առնել բնակչաց երկրիս. 19 տեսից զանիրաւութիւն անիրաւաց, և զանօրէնութիւն անօրինաց. և զուրացութիւն ուրացողացն. և որով գայթակղեցուցանէին զժողովուրդս իմ. և յորժամ լցցին տառապանք ծառայից իմոց. 20 և յորժամ կամիցիմ մերձեցուցանել զվախճան այսր կենացս ձերոց, այս նշան եղիցի ձեզ. սիրեսցի ստութիւն, և ծնցի նախանձ, գրգռեսցի անօրէնութիւն, և ատեսցի արդարութիւն. յաճախեսցէ անժուժկալութիւն, և խափանեսցի զգաստութիւն. աճեսցէ պատերազմ, և նուազեսցէ խաղաղութիւն. արհամարհեսցի ողորմութիւն, և փառաւորեսցի արդարութիւն. և յաճախեսցին տառապանք ծառայից իմոց, և բարձրասցին ամբարշտացն ամբարտաւանութիւն։ Վասն այնորիկ եղիցին ՚ի տեղիս տեղիս սովք և շարժմունք և ընկըղմութիւնք. և եղիցի նշան յերկնից. հուր յաճախ յօդս երևեսցի. և յերկրի եղիցին նշանք բազումք ՚ի տեղիս տեղիս. 21 և մանկունք տարևորք խօսեսցին. և որ յղիքն են, շնորհս ծնցին և կեցցեն և զարգասցին. 22 և յանկարծակի ՚ի տեղիք սերմանեալք առանց սերման ունայնք գտցին. 24 և յարիցեն քաղաքք ՚ի վերայ քաղաքաց, օրէնք ՚ի վերայ օրինաց, որդիք զհարս սպանանիցեն, եղբարք զեղբարս, ազգ զազգս, սիրելիք զսիրելիս, տոհմք զտոհմս. և եկեսցէ յայտնի ապստամբութիւն, գալով եկեսցէ անուն իմ նոր նորոգմամբ անճառ փառաց իմոց և զօրութեան, և զբազումս գայթակղեցուսցէ, և զօրասցի. և որք չհաւատանն ՚ի նա՝ հնազանդեցուսցէ, և յետ այնր նշանացն եղիցի այս ՚ի բազում քաղաքս և ՚ի գիւղս և ՚ի գաւառս, և դադարեսցին ջուրք. և մի՛ գնասցեն յաւուրսն յայնոսիկ մինչև ՚ի ժամանակս երիս։ 25 Եւ յետ կատարելոյ նշանացս այսոցիկ ՚ի վերայ երկրի, գիրք բացցին, և յայնժամ երևեսցի փառք իմ, 26 և տեսցեն առ իս զթռուցեալսն ՚ի բարձունս զամենայն զսուրբս իմ. և ամենայն որ գտանի արդար արժանի ինձ, եկեսցէ և փառաւորեսցի և լուսաւորեսցի առաւել քան զարեգակն։ Յայնժամ դարձցին սիրտք բնակչաց աշխարհիս այսորիկ յայլ բարիս. 27 ջնջեսցի և բարձցի չարն, և անցցէ նենգութիւն. և յամօթ լիցի թերահաւատութիւնն. 28 ծաղկեսցեն հաւատք, յայտնեսցի ճշմարտութիւն որ կայր մնայր մինչև ցայժմ, առանց պտղոյ յայսչափ ամս. կորիցէ ստութիւն, և երևեսցի անապականութիւն. վախճանեսցի ապականութիւն. և այնպէս եկեսցէ հասցէ կատարած աշխարհիս։ 29 Զայս իբրև ասաց ցիս՝ իբրև զտեսիլ փայլատականց երևեցան ինձ փառքն Աստուծոյ, և տեղին յորում կայի շարժէր սակաւ մի. և սկսայ խռովել, և ո՛չ կարէի հանդուրժել փառացն. և ըմբռնեաց զիս երկիւղ. եկն հրեշտակն և զօրացոյց զիս։ 30 Եւ ասաց ցիս. Մի՛ երկնչիր և մի՛ զարհուրիր. երանի՛ է քեզ՝ զի գտեր շնորհս ՚ի հզօրէն. 32 գիտացի զուղղութիւն սրտի քո, և զսրբութիւն անձին քո, զոր ունէիր ՚ի մանկութենէ քումմէ. 33 և վասն այնորիկ արժանի եղեր բարբառոյն Աստուծոյ, և խորհրդոցն ընդերկար ժամանակաց. 31 պահեա՛ դու այլ ևս աւուրս եւթն, և յայտնեսցէ քեզ աւելի ևս քան զայս։ 35 Եւ եղև յետ այսորիկ և պահեցի զեւթն օր. 36 և դարձեալ սիրտ իմ խռովէր՝ և սկսայ ասել առաջի Բարձրելոյն. 38 և ասեմ. Տէր Աստուած իմ, դու արարեր զերկինս և զերկիր և զամենայն որ ՚ի նոսա. 40 դու հրամայեցեր ծագել լուսոյ, որոշեցեր ՚ի խաւարէ, և կոչեցեր զնա տիւ, և որ խառնէրն 41 ընդ բազմութեան ջուրցն ընդ երկրի՝ դու բաժանեցեր և որոշեցեր զերկիր ուրոյն մեկուսի. մասն մի ջրոյն յանդունդս ՚ի ներքինսն որոշեցեր՝ հաստատեալ զերկիր ՚ի վերայ նորա. և մասն մի ՚ի վերոյ քան զերկինս կացուցեր, որոյ ՚ի ներքոյ նմանութիւն ձեղուան ձգեցեր, և սահմանեցեր զհաստատութիւնն. և որ մնացեալն էր ժողովս ջուրց, աւազով պարսպեցեր և արգելեր. քանզի յառաջ էին խառնակ ընդ միմեանս, յորոյ վերայ հոգին շրջէր, և խաւար ունէր այնչափ. և չև ևս էր երկիր, քանզի բարբառ մարդոյ չև՛ ևս էր. հրամայեցեր մատչել ճառագայթից լուսոյ, որով երևեսցին գործք քո զարմանալիք։ 42 Իսկ յերկրորդումն աւուր զհաստատութիւն երկնից անջրպետեցեր, և բարձրացուցեր ՚ի բարձունս. և հրամայեցեր ջրոցն ներքնոց՝ մասին միոյ անջրպետել ՚ի միմեանց. զի մասն մի նորա ՚ի վեր անջրպետեսցի, և մասն մի նորա ՚ի խոնարհ մնասցէ։ 43 Եւ դարձեալ յերրորդում աւուրն որ մնա՛յ. զերկիր հաստատեցեր՝ բղխել ՚ի նմանէ զբանջար սերմանեաց և զծաղիկս խոտոց, և զտունկ ծառոց պտղաբերս. 44 և բղխեաց զազգի ազգի բազմութիւնս՝ զսերմանիս ՚ի կերակուր զօրութեանց. և զխոտս անոյշ ՚ի քաղցրութիւն քմաց. և զպտուղս ծառոց յանոյշ ճաշակս։ 45 Եւ ՚ի չորրորդում աւուրն հրամայեցեր արեգական լինել, լուսաւորել, և սնուցանել զաճումն և զբղխումն երկրի. նոյնպէս և զլուսին լուսաւորել զխաւար գիշերոյ, և մեկնել զփոփոխմունս ժամուց և զընթացս ժամանակաց։ 47 Իսկ ՚ի հինգերորդումն աւուր ասացեր երկրի բղխել զեռունս կայտառ շունչ կենդանի, և թռչունս ազգի ազգիս. և եղև բազմութիւն կերպարանաց կարգել գեղեցիկ գունովք, և ազգի ազգի տեսլեամբք առ ընտրութիւն. 48 սոյնպէս և ծով բղխեաց բազմութիւն ձկանց. զմեծամեծս ՚ի նոցանէ ՚ի վայելել կերակրով յագման. և զմանունս առ ՚ի յաճումն։ 53 Եւ դարձեալ ՚ի վեցերորդում աւուրն բանիւ հրամանաւ քով բղխեաց երկիր զչորքոտանիս, զսողունս և զթռչունս։ 54 Եւ յետ սոցա զՏէրն տէրունական ձեռօք ստեղծեր զմարդն, և ՚ի նման քաղաքի տնկեցեր զդրախտն, և եդիր զնա ՚ի ներքս. և որպէս ոք որդւոյ իւրում զամենայն ինչ առաջի արարեր նմա՛ ՚ի վայելել, և ՚ի քաղցրութեան և ՚ի փափաքման այնպէս ամենայն կերպարանօք զարդարեցեր զդրախտն, իբրև ժառանգորդի ՚ի ձեռս ետուր զոր ՚ի հողոյն ստեղծեր, և շնչով կենդանացուցեր. և ՚ի կողից նորա զկին նորա ստեղծեր բնակել ընդ նմա. և խօսակից յարգահատել ազգի մարդկան, զարդարեցեր զնա կամօք ազատութեան, և յօժարութեան, իշխան և թագաւոր ՚ի վերայ ամենայնի որ ՚ի քէն եղեալ էին ՚ի վերայ երկրի կացուցեր զնա՛. այլ և յերկրաւոր սպասաւորէն ո՛չ արարեր զնա կարօտ, և իբրև զգիրս պատւոյ և ընտրութեան ետուր նմա զպատուիրանն. զոր ընկէց ՚ի ձեռաց՝ և ել ՚ի դրախտէն փափկութեան, օտարացաւ յանապականութենէն, և արժանի եղև աշխատութեան, և սպառնացեալ հրամանացն ՚ի ձեռն մահու մատնեցաւ. հող էր և ՚ի հող դարձաւ, և ՚ի նմանէ ամենեքեան մեք մարդիկ սերմանեցաք։ 55 Զայս ամենայն ասացի առաջի քո, 56 զի ասացեր զհեթանոսաց թէ չե՛ն ինչ և յոչինչ համարեցան. և նմանեալ են փշրեալ ապակւոյ՝ և շթոց անձրևաց յանօգուտ. 57 զիա՞րդ իշխեն հեթանոսք ժողովրդեան քում ընտրելոյ, և զծառայի քո Աբրաամու կոխել զզաւակ 58 և զժողովուրդ քո զոր ընտրեցեր. և կոչեցեր ընտրեալ զոր անուանեցեր սեփհական. որում խոստացար տալ ՚ի վիճակ ժառանգութեան զերկիրն բարեաց և զաւետեաց, և մատնեցեր ՚ի ձեռս անպիտան հեթանոսաց զժողովուրդն և զերկիրն խոստմանց։ 59 Զի եթէ ժողովրդեան քում խոստացար տալ, զիա՞րդ հեթանոսք որ ո՛չ ընկալան զօրէնս, առին զնա ՚ի վիճակ ժառանգութեան. և մեք ՚ի պանդխտութեան գերի վարեալք հնազանդիմք ընդ նոքօք, և իշխեն ՚ի վերայ մեր։
1 Եւ եղև իբրև կատարեցի զբանս զայսոսիկ, առաքեցաւ առ իս հրեշտակն այն որ յառաջն խօսեցաւ ընդ իս, 2 և ասէ ցիս. Եզրա՛ արի՛ և լո՛ւր զոր խօսելոցս եմ ընդ քեզ։ 3 Յարեա՛ և կացի և ասեմ. Խօսեաց։ Եւ ասէ ցիս. Ծով եթէ կայցէ յընդարձակի տեղւոջ. 4 և մուտն իւր իցէ ՚ի նեղ, զի եղիցի նա նեղ գետոյ նման. 5 եթէ ոք կամեսցի մտանել ՚ի ծովն և տիրել ՚ի վերայ նորա, ապաքէն եթէ ո՛չ նախ ընդ նեղն անցանիցէ՝ զիա՞րդ կարասցէ մտանել ՚ի լայնութիւն նորա. 6 և կամ դարձեալ յաւան քաղաք մի զարդարեալ, և գեղեցկացուցեալ ամենայն բարեօք. 7 և մուտ նորա իցէ ՚ի նեղ, և նուրբ, և դժուարատեղիք. իբրու թէ յաջմէ կողման իցէ հուր, և ՚ի ձախմէ ջուր խոր յոյժ, 8 և ճանապարհ մի միայն ընդ մէջն անցանիցէ հրոյն և ջրոյն. մի՛ ինչ այլում ումեք լինել տեղի, բայց միայն շաւիղ ոտին մարդոյ. 9 եթէ ո՛չ որ կամեսցի զնա ժառանգել, անցանիցէ նախ ընդ նեղն. ո՛չ կարէ ըմբռնել զժառանգութիւնն։ 10 Եւ ես ասացի, թէ այդպէս է։ Ետ պատասխանի և ասէ ցիս. Ըստ նմին օրինակի տացի Իսրայէլի մասն ժառանգութեան. 11 զի վասն մարդկան արար Աստուած զաշխարհս զայս և ելից զնա ամենայն բարութեամբ, և ետ նոցա օրէնս. զի որով վարեսցին և թագաւորեսցեն թագաւորութիւն բարի և զգաստ և ամբիծ. իսկ նոքա ո՛չ պահեցին, այլ մերժեցին զնա՛. և Բարձրեալն եդ ՚ի մտի մերժել զնա, որ ապստամբ եղեն ՚ի նմանէ. 12 վասն այսորիկ մուտ 13 աշխարհիս այսորիկ խիստ են և դժուարին և լի տառապանօք. 13 զի թէ նախ մտցեն ընդ նեղ և ընդ նուրբ շաւիղ աշխարհիս այսորիկ. 14 և մտեալքն չերկայնմտիցեն, ո՛չ ընկալցին զպատրաստեալ նոցա բարիսն որ յառաջ քան զաշխարհս էր։ 15 Բայց դու մի՛ շփոթիր զի մահկանացու ես. 16 և մի՛ խռովիր զի ապականելոց ես, այլ հպեա՛ առ մօտաւորն, և դի՛ր ՚ի մտի քում որ առ յապայն լինելոց իցէ։ 17 Եւ ես ասացի. Ապա ուրեմն արդարք ժառանգեն զբարիս. և վասն այնորիկ բարւոք համբերեն մտանել ընդ նեղ և ընդ նո՛ւրբ ճանապարհն. 18 իսկ որք տկարքն են և սրբութեամբ զկեանս իւրեանց ո՛չ անցուցանեն, և զփորձ նեղութեան ո՛չ գիտէին, ՚ի մշտնջենաւոր բարութեանցն հեռացան։ 19 Եւ ասէ ցիս. Եւ ես քեզ ասեմ, եթէ ո՛չ ես դու լաւ քան զԲարձրեալն, և ո՛չ քաղցր քան զԱստուած, և ո՛չ մարդասէր քան զնա։ 20 Կորիցեն ամենեքեան որ անցանեն զպատուիրանաւն Տեառն, քան թէ արհամարհեսցին օրէնքն Աստուծոյ։ 21 Պատուիրելով պատուիրեաց Աստուած մարդկան թէ զի՞նչ արասցեն և կեցցեն, եթէ զի՞նչ պահեսցեն և մի՛ տանջեսցին։ 22 Իսկ նոքա յամենայնէ հրաժարեցին. և ՚ի վերայ այսր ամենայնի ասացին թէ ո՛չ Բարձրեալն է, և ո՛չ հատուցումն բարեաց և չարեաց գործոց. զճանապարհս իւրեանց խոտորեցին. 24 և զօրէնս նորա մերժեցին. և զհրամանս նորա անարգեցին, և ուրացան զուխտ նորա, և ՚ի բանից սրբոց նորա թերեհաւատեցին, և զընտրեալս նորա արհամարհեցին, 25 և վասն այսորիկ լո՛ւր դու Եզր. ունայնութիւն ունայնից և լիութիւն լիոց. 26 ահա եկեսցէ ժամանակ յորում եղիցի նշանն որ յառաջն ասացաւ քեզ. յայտնեսցի քաղաքն որ այժմ ո՛չ երևի, և ամենայն ծունր ՚ի վերայ երկրի սողեսցի. 27 և ամենայն որ գտցի անբիծ տեսցէ զփառս Բարձրելոյն 28 յայնժամ երևեսցի Օծեալն Աստուծոյ՝ յայտնի մարդկան, և ուրախ արասցէ զմնացեալսն ՚ի հաւատս և ՚ի համբերութեան, 32 և ամենեքեան կանգնեսցին որ թաղեալն են յերկրի ձայնիւ Տեառն. 33 և կայցեն առաջի հզօր դատաւորին, և եկեսցեն հասցեն կեանքն որ ո՛չ երևին. 34 և անցցէ ապականութիւն և դադարեսցէ ողորմութիւն, և պարապեսցեն գթութիւնք, և խափանեսցին դրունք ապաշխարութեան, յինքն ամփոփեսցի երկայնմտութիւն, և հաւատք ցուցցեն զպտուղ իւրեանց։ 35 Եւ յետ գործոց վարձք իւր և արդարութիւն ծաղկեսցէ. և յայնժամ երևեսցի տեղի հանգստեան սրբոցն, և ճշմարիտ դրախտն փափկութեան, և դէմ յանդիման սոցին բովք հրոյ և տանջանք յաւիտենից, և որդն անմահ, զոր պատրաստեալն է ամբարշտաց և անօրինաց։ Եւ յայնժամ ասիցէ Բարձրեալն ցարդարսն. Տեսէ՛ք զտեղին հանգստեան ձերոյ զոր պատրաստեալն էր ձեզ իսկզբանէ արարածոց՝ մտէ՛ք այսուհետև և հանգերո՛ւք, և խայտացէք իբրև զորթս արձակեալ ՚ի կապոյ։ Եւ ասասցէ ցամբարիշտն և ցանօրէնսն. Տեսջի՛ք և իմասջի՛ք զիս որում ո՛չն ծառայեցէք, և կամ յորմէ ուրացայքն. և կամ զոր օրէնս արհամարհեցէք, հայեցարո՛ւք որ առաջի կայ ձեզ պատրաստեալ արդարոցն փափկութիւն, և ձեզ ամբարշտաց հուրն և տանջանք յաւիտենից։ Եւ եղիցի օրն դատաստանի այսպիսի, ո՛չ արեգակն կացցէ լուսատու՝ և ո՛չ լուսին, և ո՛չ աստեղք պայծառացեալ, և ո՛չ ամպք հովանաւորք, և ո՛չ որոտումն նշանաւոր ժամանակաց, և ո՛չ հողմ զովացիկ, և ջուր ՚ի ծարաւ հանգստեան, և ո՛չ հողմ քաղցրախառն և ո՛չ երեկոյ ՚ի հանգիստ վաստակոց, և ո՛չ գիշեր ՚ի դադարել աշխատութեանց, և ո՛չ աջողութիւն գործոց ՚ի յօժարութիւն. և ո՛չ հասարակ օր ՚ի ճաշակումն կերակրոց. ո՛չ ձմեռն ՚ի գործ երկրի պատրաստութեան. ո՛չ ՚ի գարուն ՚ի ծնունդ երկրի պարարտութեան. ո՛չ յամառն տօթ, և ո՛չ աշուն ՚ի խնամ ածել պտղոյ (հասնոյ). ո՛չ կարկուտ ՚ի բռնութենէ օդոց, և ո՛չ անձրև յաճումն ծառոց, ո՛չ ցօղ ՚ի մխիթարութիւն տնկոց, և ո՛չ առաւօտ որ նշանակէ զլոյս տուընջեան, և ո՛չ զամբար գիշերոյ խաւարի յայտնիչ, բայց միայն պսակ փառաց արդարոցն ուրախութիւն։ Իսկ ամբարշտացն՝ հուրն անշէջ, և աղջամուղջ յաւիտենից, և տանջանք մշտնջենաւորք, ա՛յս է դատաստանն։ Ետու պատասխանի՝ յոգւոց հանելով և ասեմ. Երանի՛ է նոցա որ սակաւ ժամանակս համբերեցին վասն բարձրութեան փառացն, և եղո՛ւկ մեք՝ որ առ սակաւ ժամանակս արարաք զկամս մարմնոյ մերոյ, և ՚ի տանջանս յաւիտենից մտանեմք, և յանշէջ հուրն տանջիմք հանապազ. լա՛ւ էր թէ չէաք իսկ ծնեալ։ Ո՞վ ՚ի մարդկեղէն կենդանեացս ո՛չ մեղաւ. և կամ ո՛վ ՚ի ծնելոցն ո՛չ անց զհրամանաւ նորա. որպէս տեսանեմս՝ սակաւուց է այն աշխարհ յուրախութիւն. և բազմաց ՚ի տանջանս, զի ամենեքեան առ հասարակ անօրէնութեամբք թաթաւեալ եմք, գնացաք զճանապարհս կորըստեան և զշաւիղս մահու, և հեռացաք ՚ի ճշմարտութենէ կենացն։ Ետ պատասխանի և ասէ ցիս. Դու ասացեր թէ սակաւք են արդարք, և բազումք են ամբարիշտք. և արդ լո՛ւր առ այս. Ականս պատուականս թէ ունիցիս՝ ապաքէն զամենայն ինչ ըստ նոցա արժանաւորութեանն պատրաստեսցես զնիւթն. միթէ որ անարժանն իցէ՝ նոցա նման համարեսցիս, և կամ նման կապարոյ, և կամ խեցւոյ, և կամ այլ իմիք նման։ Եւ ասացի. Ո՛չ։ Եւ ասէ ցիս. Ասա՛ դու ցերկիր. Ընդէ՞ր որպէս զխեցին շատ ծնանիս, նոյնպէս և զոսկին ո՛չ բղխես։ Եւ նա պատասխանի տացէ քեզ և ասիցէ. Քանզի յաճախ է խեցին քան զերկաթն, և երկաթն քան զկապարն, և կապարն քան զպղինձն, և պղինձ քան զարծաթն, և արծաթն քան զոսկին, և ոսկին քան զականս պատուականս. ընտրեա՛ այսուհետև, և տե՛ս թէ ո՛ր պատուական է և ցանկալի։ Եւ ասացի թէ ո՞վ ոք ո՛չ գիտէ թէ սակաւն և նուազն է ցանկալի։ Եւ ասէ ցիս, թէ որպէս մարդկան թուի նուազն՝ պատուական և ցանկալի, նոյնպէս և Բարձրելոյն սակաւ արդարք պատուական են. և ուրախ լինի ՚ի վերայ սակաւուցն, որ փառաւորեցին զանուն նորա ՚ի վերայ երկրի, և ՚ի ձեռն նոցա անուն նորա օրհնի և գովի. վասն այնորիկ ծաղկեսցեն արդարքն, և փառաւորեսցին առաջի Աստուծոյ։ Իսկ բազմամբոխն անխրատ՝ մրրկի նմանեսցէ, և պատրաստեալ է հրոյն բորբոքելոյ. եղիցին երեսք նոցա յամօթ և յանարգանս։ Եւ զայս մինչդեռ խօսէր ընդ իս, ես հանի յոգւոց և խռովէի, և նուաղէր յիս հոգի իմ, և ասէի. Ո՞վ երկիր ընդէ՞ր ծնար զմարդն, զի ՚ի տանջանս յաւիտենից մատնեցաւ. վասն այսորիկ սգասցէ ազգ մարդկան, և ցնծայ գազան վայրի, և կոծեսցին ամենայն ծնունդք բանաւորաց, և ուրախ լինիցին ամենայն չորքոտանիք. յոյժ լա՛ւ է նոցա քան մեզ, զի ո՛չ յարութեան ակն ունին, և ո՛չ դատաստանաց մնան։ Մեզ զի՞նչ օգուտ է եթէ ՚ի դատաստան մտանեմք և ՚ի տանջանս անդադարս. երանի՛ թէ չէ՛ր մեզ յարութիւն, զի յաւիտենից տանջանացն ապրէաք։ Եւ զայս մինչդեռ զմտաւ ածէի, և ասէ ցիս. Իսկզբանէ արարածոց յառաջ քան զմարդն լինելոյ ՚ի վերայ երեսաց երկրի, յԱռաջագետն բարձրեալ յառաջագոյն պատրաստեաց զտեղի փափկութեան, և զտանջանաց. իմա՛ց այսուհետև զի ունէին օրէնս որով կարէին ապրել՝ և ո՛չ պահեցին, այլ արհամարհեցին. զի՞նչ պատասխանի ունիցին տալ յաւուրն վախճանի։ Զի այնչափ ժամանակս երկայնամտեաց Բարձրեալն. և նոքա արհամարհելովն կորուսին զանձինս իւրեանց։ Ետու պատասխանի և ասեմ ցհրեշտակն Տեառն. Խնդրեմ ՚ի քէն տէր՝ ասա՛ ինձ, եթէ յետ մահու յորժամ պահանջի ՚ի մէնջ զիւրաքանչիւր զոգիս մեր. երթայցեմք ՚ի տեղի տանջանաց. եթէ յանդորրութեան լինիցիմք մինչև ցօր դատաստանին. եթէ յայսմ հետէ մտանիցեմք ՚ի տանջանս։ Ետ պատասխանի և ասէ. Ասացից և զայս քեզ. Դու մի՛ հաշուիր զքեզ ընդ մահապարտսն. զի քեզ և նմանողաց քոց պատրաստեալ է գանձն լի բարեօք, որ ոչ յայտնեսցին քեզ, մինչև ՚ի վախճան ժամանակաց։ Լո՛ւր այսուհետև վասն որոց հարցերդ, այսպէս է բանն. զի յորժամ հրաման մահու ելանէ յառաջ քան զմարդոյն ոգիս հանելոյ, անդէն վաղվաղակի բաժանի շունչն ՚ի մարմնոյն, և երթա՛յ ՚ի տեղի որոշմանն իւրոյ. և եթէ իցէ լի գործովք բարեօք, և պահեալ զպատուիրանս Բարձրելոյն. և յորում ժամանակի էր յապականական ՚ի բնական մարմնոյն բնութեան, ծառայեաց ամբծութեամբ ՚ի հաստատութեան յամենայն ժամու վշտաց. նա ցնծա՛ և ուրախ լինի ՚ի հանգստեանն յեւթնեկեան ճանապարհին։ Առաջին ճանապարհն՝ որ բազում աշխատութեամբ ճգնեցաւ առ ամենայն մեղս։ Երկրորդ ճանապարհն՝ տեսեալ զպատրաստական զմեղացն զտանջանսն։ Երրորդ ճանապարհն՝ վկայութեանն զոր վկայէնմա Աստուած, եթէ մեծ հաւատովք պահեաց որ տուան նմա օրէնքն։ Չորրորդ ճանապարհն՝ յորում յայտնին նմա պատրաստեալ բարիքն, եթէ որպէս ընդ հրեշտակս ՚ի բազում խաղաղութեան սպասաւորեալ պահի։ Հինգերորդ ճանապարհն՝ փառաւորեալ է ուրախութեամբ, զի մերկացաւ զապականութիւն. և այնուհետև ընդ հրեշտակս հաշուի ժառանգել զանվախճան լոյսն։ Վեցերորդ ճանապարհն՝ յորում ցուցանի թէ որպէս երեսք իւր լուսաւորին իբրև զարեգակն, և ո՛չ այնուհետև ապականութեամբ մթանան։ Եւթներորդ ճանապարհն՝ որ ՚ի վեր է քան զամենայն ճանապարհս, յորում պարծի վստահութեամբ և համարձակութեամբ, ո՛չ ամաչելով և կամ պատկառելով, այլ ցնծալով փութայ տեսանել զերեսս Աստուծոյ. որպէս ծառայեաց ամբծութեամբ ՚ի կենդանութիւնն, որով և փառաւորելոցն է. և ընդունելոց է զվարձս հատուցմանն։ Այս են ճանապարհք հոգւոցն արդարոցն։ Իսկ ամբարշտացն հոգիք, և որք ոչն պահեցին զպատուիրանն Բարձրելոյն, և արհամարհեցին զօրէնս նորա, և գարշեցան ՚ի ծառայից նորա, նոքա ո՛չ մտցեն յաւիտեան ՚ի տեղի հանգստեան, այլ վաղվաղակի որոշեալ հոգիքն ՚ի մարմնոյ տրտմութեամբ և վշտօք ընդ եւթն ճանապարհ մտցեն ՚ի տանջանսն յաւիտենից։ Առաջին ճանապարհն՝ զի թողին զօրէնս և փոխեցին զհրամանս Բարձրելոյն։ Երկրորդ ճանապարհն, զի ո՛չ կամեցան դառնալ և ապաշխարել մինչդեռ յայսմ աշխարհի էին։ Երրորդ ճանապարհն՝ յորում նեղին տեսանելով զարդարսն ՚ի հանգիստն, և զիւրեանց տանջանսն։ Չորրորդ ճանապարհն՝ որ կայ և մնայ ՚ի վախճան ժամանակաց ՚ի մշտնջենաւոր հուրն։ Հինգերորդ ճանապարհն՝ յորում տեսանեն զայլոց հանգիստ հաճոյ Բարձրելոյն, և պահպանեալ ՚ի հրեշտակաց սպասաւորութեան և յանբծութեան յոյժ։ Վեցերորդ ճանապարհն՝ որ տեսանեն յայնմ հետէ զպատրաստեալ արքայութիւնն սրբոց՝ և զիւրեանց անձանցն ամենևին զկորուստն։ Եւթներորդ ճանապարհն՝ որ է քան զամենայն ճանապարհս ՚ի վեր, յորում հաշին և մաշին ամօթով և անարգանօք, և պաշարեալ են իմաստութեամբ և երկեղիւ. իբրև տեսանեն զճանապարհս Բարձրելոյն որոյ առաջի մեղան կենդանիքն ՚ի մարմնի, և առաջի արդարոցն տանջելոց են։ Ետու պատասխանի և ասեմ. Տացի՞ ժամանակ հոգւոց առ ՚ի տեսանել թէ որպէս տանջիցին յետ հրաժարելոյ նոցա ՚ի մարմնոյ անտի։ Եւ ասէ ցիս. Տացի ժամանակ, ո՛չ անդորրութեան՝ այլ տանջանաց. զի ՚ի տեղիս խոշտանգանաց արգելեալ են մեղաւորաց ոգիք, և պահին ՚ի տանջանս ահաւոր հրաշտակաց մինչև յօրն յանդիմանութեան և դատաստանաց և հատուցման բարւոյ և չարի։ Ասացի. Խնդրեմ ՚ի քէն՝ ներեա՛ ինձ և զայս հարցանել. և արդ՝ յաւուրն դատաստանի կարիցեն արդարքն հրաժարեցուցանել զամբարիշտն, և կամ տանել յաղաչանս վասն նոցա, որպէս հարք վասն որդւոց, և կամ որդիք վասն հարց. և կամ եղբարք վասն եղբարց, կամ ազգ վասն ազգի, և կամ սիրելիք վասն սիրելեաց։ Ետ պատասխանի և ասէ ցիս. Մի՛ ոք խաբեսցի յայսմ. զի յաւուրն դատաստանի անաչառութիւն լինի, և ամենայն ճշմարտութիւն կնքեսցի. զի զոր օրինակ ո՛չ ոք զոր առաքեսցէ զոմն ՚ի մեռանել ընդ նորա, կամ ՚ի քուն կալ, կամ հիւանդանալ, կամ յուտել, և կամ յըմպել, նոյնպէս և ո՛չ այն ժամ ոք կարասցէ վասն ուրուք պաղատել. և կամ զոք հրաժարեցուցանել ՚ի տանջանաց. իւրաքանչիւր իւրեանց գործքն բարեխօսեն։ 36 Ետու պատասխանի և ասեմ. Զիա՞րդ գտանեմք, զի եթէ Աբրաամ աղաչեաց զԱստուած վասն Ղովտայ և վասն տան նորա, և Մովսէս վասն հարցն մերոց, որ մեռան յաւուրս նորա, 38 և Դաւիթ վասն հարուածոց ժողովրդեանն, և Սողոմոն վասն սրբութեան, 39 և Եղիա՛ վասն գալոյ անձրևին, և Եղիսէ վասն կենաց մեռելոյն, 40 և Եզեկիա՛յ վասն ժողովրդեանն յաւուրս Սենեքերիմայ, և վասն իւրոյ առողջութեան, և այլք վասն այլոց, 41 զի թէ յորժամ ապականութիւն զարգանայր և անիրաւութիւն աճէր, խնդրեցին արդարքն վասն ամբարշտացն յԱստուծոյ, և ընկալան. ընդէ՞ր յայնժամ այս ո՛չ լինի։ 42 Ետ պատասխանի և ասէ ցիս. Յայսմ աշխարհի եթէ խնդրեսցեն արդարք՝ առցեն. քանզի յօգուտ է նոցա ապաշխարութիւն վասն որոյ բարեխօսենն. 43 զի յաշխարհս այս կատարման է, և ո՛չ փառաց։ Իսկ յայնմ աշխարհի՝ կենաց, յորում անցանէ կարգ ապաշխարութեանն, 44 և վախճանեալ է ապականութիւն, և լուծեալ է աղքատութիւն, և խափանեալ են հաւատք, և զարգանայ արդարութիւն, և ծագէ ճշմարտութիւն, 45 ո՛չ ոք կարէ ողորմել, որ վասն իւրոց յանցանաց գործոցն է ՚ի տանջանս և ՚ի դատաստանի։ 46 Եւ ասացի ցնա. Ո՛չ իսկզբանէ իսկ ասացի զայս, եթէ լա՛ւ էր՝ եթէ չէր իսկ ծնեալ ՚ի վերայ երկրի, քան թէ վաղվաղակի կորուսեալ. 47 զի՞նչ օգուտ իցէ մարդոյն, եթէ հասեալ իցէ ՚ի բազում ժամանակս, և կեանքն տրտմութեամբ իցեն, և յետ մեռանելոյն՝ ակնունիցի տանջանաց. 49 մեզ զի՞նչ օգուտ իցէ մեղաւորաց, եթէ խոստացեալ իցէ յարութիւն յետ մահու. և մեք արժանի մահու գործս գործեցաք. 50 զի՞նչ օգուտ իցէ մեզ, եթէ արդարոցն պատրաստեալ իցեն անճառ բարիքն, և մեզ մեղաւորացս ամօթ. 51 զի՞նչ օգուտ իցէ մեղաւորացս, եթէ շտեմարանք բարեաց արդարոց են, և մեք մոլորեալք եմք չարեօք. 52 զի՞նչ հաղորդութիւն իցէ մեր ընդ յուսոյն բարեաց որ գանձեալն է բարեաց. մեք ընդ դժուար ճանապարհ գնացաք. 53 զի՞ առնէ մեզ, եթէ երկնաւոր դրախտն պատրաստեալ իցէ անբծացն, որոյ պտուղն անթառամ է. յորում կայ փափկութիւն և ցնծութիւն անվախճան, 54 թէ մեք ո՛չ մտանիցեմք. 55 և յորժամ արդարոցն երեսք լուսաւորեսցին իբրև զարեգակն, և մեր երեսք մթասցին իբրև զգիշեր աղջամղջին. արդարև իսկ ո՛չ երբէք ածաք զմտաւ ՚ի կենդանութեան եթէ զի՞նչ ունիցիմք յետ մահուն կրել։ 56 Ո՞վ Ադամ զի՞նչ գործեցեր. դու միայն մեղար, և քեզ միայնոյ չեղև վիշտ, այլ առ հասարակ ամենեցուն որ ՚ի քէն ծնան։ 57 Ետ պատասխանի և ասէ. Աշխատեսցին յերկրի մերժել զչարն, զի մի՛ կրեսցեն զայն զոր ասացին. այլ մերժելով զչարն՝ ընկալցին զբարիս։ Առ մարդկանէ 59 ընտրել զկեանս և զմահ։ Քանզի Մովսէս ասաց զայս նոցա, 60 և նոքա ո՛չ հաւատացին նմա, և ամենեցուն յետ նորա մարգարէից, և Աստուած որ խօսեցաւ ընդ նոսա։ 62 Ետու պատասխանի և ասեմ. Գիտեմ և այդպէս հաւատամ, եթէ յողորմել ողորմած է Բարձրեալն, 63 և ՚ի գթալ գթած է՝ որք դառնան առ նա. 64 երկայնամիտ է որք մեղանչենն. 65 և պարգևիչ, քանզի յօժար է և ՚ի շնորհել և ՚ի թողուլ զյանցանսն, զի՞նչ շահ իցէ Բարձրելոյն. եթէ կորիցեն այնչափ ոգիք զոր արար, և սակաւ ոգիք միայն մի՛ կորիցեն. 66 գիտեմ զի բազումողորմ է. 67 եթէ ո՛չ ողորմեսցի, ոչ կարէ ապրել ամենայն մարդ. 68 նոյնպէս և շնորհիչ է, եթէ ո՛չ շնորհեսցէ և թեթևացուսցէ զմեղս մեր իւրով մարդասիրութեամբն. ո՛չ կարասցէ ամենայն մարմին ապրել։ 69 Դատաւոր է որ յանդիմանէ և դատէ, և յետ յանդիմանութեանն չմեղադրէ. զի թէ ո՛չ մեղադրիցէ և տանջիցէ զբազմութիւն ստահակութեան, ո՛չ ոք մնասցէ յամենայն բազմութենէ արտաքս քան զսակաւսն. և ո՛ւր իցէ ողորմութիւն նորա զոր խոստացաւն, կամ գթութիւն, կամ քաղցրութիւն, կամ մարդասիրութիւն. ո՛ւմ օգուտ իցէ այն, եթէ ո՛չ տառապեալ մեղաւորացն։ Միթէ վասն ա՞յնորիկ ստեղծ զայնչափ ոգիս՝ զի կորուսցէ, քաւ լիցի, ո՛չ գիտութեամբ լի է, չգիտիցէ թէ զի՞նչ գործիցէ մարդն՝ յառաջ քան զծնանելն նորա. և ամենայնի նա գիտա՛կ է յառաջ քան զլինելն նորա։
1 Ետ պատասխանի և ասէ ցիս. Որ ՚ի վեր է քան զքեզ մի՛ խօսիր զայն, և մի՛ կեղծաւորիր առաջի Աստուծոյ. որ հրամայեալ է քեզ զայն իմա՛ց։ Զայս աշխարհս վասն բազմաց արար, իսկ զայն վասն սակաւուց. զի թէպէտ և յառաջգիտութիւն առ ՚ի նմանէն բազում է, այլ զինքնակամ կամսն շնորհեաց մարդկան՝ զգործոյն գիտութիւն, զի գիտասցեն զոր գործենն՝ թէ ո՛չ տանջին. ընդէ՞ր որք զնոյն մարմին ունին, և զնոյն ախտ շարժմանցն, և արդարոցն ո՛չ նմանեցին, ո՛չ մի֊այն զնոցա ճանապարհն ո՛չ գնացին, այլև արհամարհեցին զնոսա, և գարշեցան ՚ի վարուց նոցա. վասն այնորիկ Բարձրեալն սակաւս պահեաց յայն յաշխարհ։ 2 Ասացից քեզ և առակ մի, և պատասխանի տո՛ւր ինձ. թէ խնդրեցես զերկիր տալ քեզ երկիր որ բղխէ տեսիլս պատուականս և մեծագնի. և տացէ քեզ երկիր որ առնէ տեսիլս ազգի ազգի, որպէս զպատուականն սակաւ, և զանարգն կրկին. ո՛չ նստիցես ընտրիցես քեզ զպատուականն, և զանարգն ՚ի բաց ընկենուցուս։ 3 Իմացա՛յ այսուհետև եթէ ճշմարիտ է օրինակդ. և ասացի թէ ուղիղ է, 4 և սկսայ ասել ընդ միտս իմ. Ո՞վ անձն իմ վայելեա՛ որպէս և կամիս. և ցածո՛ զմիտս երկիր զի լուիցես, 5 և երթիցես ուր ո՛չ կամիցիս։ Զի ո՛չ եթէ քեզ տուեա՛լ է կամ պատրաստեալ՝ բարիքն վայելչութեան. բայց զայս միայն սակաւ ժամանակս կենաց։ 6 Եւ եդի ՚ի մտի դարձեալ ասել բանս ինչ առաջի Բարձրելոյն, եթէ որպէս տացէ մեզ սերմանիս արդեանց, յորում լինիցի մեզ պտուղ. և կամ որպէս բերիցէ ամենայն տեղի ապականեալ՝ արդիւնս բարեաց գործոց՝ և ապրեսցէ, թէպէտ և ո՛չ տայցէ։ 7 Գործ եմք ձեռաց նորա, և վասն այնորիկ արժանի եմք ողորմութեան նորա, 8 զի աստ կենդանացուցանէ զմեզ. յա՛յտ է յորոց յարգանդին ստեղծու հանապազ զմարդն. և տայ կենդանութիւն և կերակուր, նոյնպէս և տնտեսութեամբ ազգի ազգի սերմանցն գինւով և ձիթով, հրով և ջրով, իննամսեայ ժամանակաւ ՚ի բնութեան յարգանդի մօրն ծնանի զմանուկն, իմաստութեամբ մատակարարէ նմա 9 և զգուշութեամբ պահէ զնա. և յորժամ հատուցանէ և տայ ՚ի ժամանակի իւրում զտղայն, 10 զոր նա հրամայեաց ծնանել, ՚ի դիել զկաթն 11 մինչև ցժամանակ մի, և յետ այնորիկ վարել նմա՛ իւրով իմաստութեամբ, և կերակրել բերովք պտղոյ իւրոյ. 12 և խրատէ զնա իւրովք օրինակօք. և առ սակաւ սակաւ աճեցուցանել ՚ի նմա զիմաստութիւն և զգիտութիւն ամենայն չարեաց և բարեաց. և որ չե՛ն նոյնպէս։ 13 Եւ յետ այսր ամենայնի մեռուցանէ զնա՛. այնպէս ունի իշխանութիւն ՚ի վերայ գործոց իւրոց. 14 իսկ ապա՛ թէ կորուսցէ զնա՛ յայնչափ ժամանակս ստեղծեալ և ծնեալ աշխատութեամբ և ցաւօք և վաստակօք, սնուցեալ, և խրատեալ դիւրին կարգօք, զի՞նչ օգուտ իցէ։ 15 Եւ մինչդեռ զայս խորհէի, բացի զբերան իմ և սկսայ աղաչել զԲարձրեալն՝ և ասէի. Տէր Աստուած, իբրև զԱստուած քում գործոց ողորմեա՛, և քում արարածոց. և օգնակա՛ն լեր քում ստացուածոց, և աւելի ևս քում ժողովրդեանն. վասն որոյ ես սգամս, և ժառանգութեան քում, վասն որոյ ես տրտմեալ եմ, 16 և ազգիս Իսրայէլի. վասն որոյ ես սգամ, և զաւակի Աբրաամու, վասն որոյ ես խռովեալ եմ, հայիս ՚ի մեզ, և հաշուիս զմեզ, և զյանցանս մեր. 18 զի լուայ ես զանխնայութիւն մեծ, զոր առ յապայն լինելոց իցէ. 19 վասն այնորիկ Արարիչ ամենայնի երկայնամիտ Բարձրեալ՝ լո՛ւր ձայնի իմում, և ունկն դիր բանից իմոց զոր խօսիմս առաջի քո, յաղօթս կալ առաջի քո։
20 Ո՞ր բնակեալդ ես յաւիտեան, որոյ աչք զամենայն ինչ հաւաստեաւ տեսանեն և քննեն, և վերանա՛յ արկք իւր յօդս։ 21 Որոյ աթոռ անճառ, և փառք անպատում. զորով շուրջ կան բազմութիւնք զօրաց հրեշտակաց՝ երկիւղիւ պաշտել, 22 և հրամանաւ նորա և բանիւ զոգիս ՚ի հուր դարձուցանէ. 23 որոյ բանն անշարժ և հզօր, զամենայն յօրինէ ըստ իւրաքանչիւր կարգի, որոյ հրամանն սաստիկ, և կարգն ահաւոր, որոյ հայելն ցամաքեցուցանէ զանդունդս, և բանն սպառնալեաց՝ պատառէ զերկիր. զամենայն զոր կամի յոչնչէ ստեղծու, և զեղեալն զօրութեամբ փոխէ. որոյ ճշմարտութիւնն վկայէ։ 24 Լո՛ւր ձայնի ծառայի քո, և ունկնդիր խնդրուածաց պաշտօնէի քում, անսա՛ բանից իմոց. 25 մինչդեռ կենդանիս եմ խօսեցայց. 26 մի՛ հայիր ՚ի գլորումն. որք ունին կամս պահել զհրամանս քո, յաղթեալ են ՚ի խորհրդոց չարին. այլ ողորմեա՛ց իբրև բարերար և փրկիչ. և խնայեա՛ և հաստատեա՛ իբրև զդարմանիչ, որ դու միայն ես առանց մեղաց, այո՞ խնդրեմ ՚ի քէն, մի՛ հայիր յանցանս ժողովրդեան քո, այլ որք ուղիղն ծառայեցին քեզ ճշմարտութեամբ, 27 խնայեա՛, մի՛ հատուցաներ ըստ գործս իւրեանց անօրինաց, այլ վասն այնոցիկ որք երկիւղիւ պահեցին զուխտ քո՝ խնայեա՛, 28 և մի՛ ածեր զմտաւ վասն այնոցիկ՝ ոյք գնացին չարութեամբ առաջի քո՛. այլ յիշեա՛ որք կամօք զերկեղ քո ծանեան, 29 և մի՛ կամիր կորուսանել՝ որք զբարսն իւրեանց անասնոց նմանեցուցին, այլ հայեա՛ց գթութեամբ ՚ի ծառայս քո՝ որ ՚ի փառս քո յուսացեալ են։ 31 Զի մեք և որ յառաջ քան զմեզ արժանի մահու կամաց գործեցաք, դու Տէր մարդասէր, վասն մեր մեղաւորաց երկայնամիտ կոչեցար, 32 զի թէպէտ և մեք ընդ որպիսի բարւոք գործովք էաք, և ո՛չինչ ըստ կամաց քոց արարաք, այլ զհետ մարմնոյ պղծութեան գնացաք, դու գթասցիս ողորմել. յայնժամ կոչեսջիր ողորմած, 33 քանզի սրբովք քովք կամօք գործեցին սրբութեամբ, ո՛չ են կարօտ ողորմութեան. զի իւրեանց գործոց ունին զվարձս հատուցմանն։ 34 Զի՛նչ եմք մեք մարդիկ, զի բարկասցիս մեզ ստուգութեամբ։ 35 Ո՛չ ոք է ՚ի վերայ երկրի ծնեալ՝ որ ո՛չ մեղաւ. 36 յայսմ ծանիցի քո գթութիւնդ, յորժամ ողորմեսցիս և ներեսցես մեզ. և թողցես զամբարշտութիւնս մեր, որք ո՛չ ունին զհիւթ բարեաց գործոց։ 37 Ետ պատասխանի ինձ Տէր, և ասէ ցիս. Եթէ դառնալով դարձցին առ իս մեղաւորք յամենայն սրտէ իւրեանց. 38 ո՛չ խորհեցայց ըստ առաջին մեղաց նոցա հատուցանել. այլ ՚ի վախճան ելից հոգւոց նոցա, որպէս գտից՝ և դատեցայց. և այնպէս ուրախ եղէց ՚ի նոսա, որ դառնան ՚ի բարի գործս. 39 որպէս ուրախ իցեմ յարդարս իմ։ 41 Նմանեցո՛ զիս միամիտ մշակի. որպէս մշակ վարէ տնկէ՝ որչափ և կամի և յօժարէ. և ըստ ժամանակի իւրաքանչիւր խնամ տանի, որպէս պարտ է. թէպէտ լինիցի ՚ի նոցանէ ումեք տկարանալ և մերձենալ յապականութիւն, որոց ՚ի դէպ զհոգաբարձութիւն առնէ. և եթէ հոգաբարձութեամբն յաղթէ, ուրախութեամբ ուրախ լինի. զի որ տկարանալն կամէր՝ զօրացաւ. ապա՛ թէ ո՛չ ինչ օգտիցի ՚ի դէպ ժամանակի, հոգաբարձութիւն ՚ի բաց եղիցի լի տրտմութեամբ, այսպէս եղիցին ՚ի վերայ երկրի. երկայնամիտ լինիցի ՚ի վերայ նոցա Բարձրեալն. զի թէ զղջասցին ընդ այն զոր օրինեցանն, գործեցին զբարիս. ապա թէ ո՛չ տանջեսցին։ 42 Պատասխանի ետու և ասեմ. Որով հետև միանգամ ներեցեր ինձ խօսել առաջի քո, աղաչեմ զքեզ ասա՛ ինձ ծառայի քում. 43 սերմանիք մշակին, եթէ ոչ առցեն չափով զանձրևն չորանայ, 44 նոյնպէս և մարդ որում դու ո՛չ ողորմեսցիս՝ ո՛չ կարէ ապրել. 45 վասն այսորիկ խնայեա՛ Տէր ՚ի ժողովուրդ քո, և ողորմեա՛ց ժառանգութեան քում, քոց ստացուածոց և գործոց ձեռաց քոց ողորմեսցի՛ս։ 46 Ետ պատասխանի և ասէ ցիս. 50 Թշուառութեամբ թշուառասցին մարդիկ՝ որ բնակեալն են յայսմ աշխարհի. փոխանակ զի բազում ամբարշտութեամբ գնացին. և վասն հանդերձեալ ժամանակին ո՛չ գտաւ ՚ի նոսա ումեք գիտութիւն։ 51 Այլ դու վասն քո ա՛ծ զմտաւ, և վասն փառացն որ քեզ մնայ՝ հոգա՛. 52 զի բաց կայ քեզ ճշմարիտ դրախտն, և տնկեալ ծառն ճշմարիտ դրախտին. և պատրաստեալ են կեանքն՝ հանդերձեալ փափկութեանն. շինեալ է քաղաքն, յօրինեալ է հանգիստն, պաճուճեալ է բարութիւնն, կնքեալ է ՚ի ձէնջ 53 հիւանդութիւնն, խափանեալ է ՚ի ձէնջ մահ. յամօթ եղեն դժոխք. հալածեալ է ՚ի ձէնջ ապականութիւն. 54 անջատեալ է ՚ի ձէնջ ամենայն աշխատութիւն. յայտնեալ են ձեզ գանձք անմահութեան։ 55 Մի՛ ևս աղաչեր վասն կորստեան ժողովրդեանն, 59 զի որպէս ձեզ պատրաստեալ է՝ որպէս վերագոյնն ասացի. նոյնպէս և նոցա պապակումն հանդերձեալ են և տանջանքն։ 60 Ես արարի զմարդն զի պահեսցէ զհրամանս իմ, և խորշեսցի ՚ի մահուանէն յաւիտենից, նոքա յամենայն ժամու հանապազ դառնացուցին զիս, 61 վասն այսորիկ դատաստան իմ հաստատուն է։ Եւ խօսեցայ ընդ Տեառն և ասացի. Աղաչեմ զքեզ Տէր՝ խօսեա՛ց ընդ թշուառական ժողովրդեանն, զի լուիցեն ՚ի քէն՝ և հաւատասցեն. երկիցեն և դարձցին՝ և մի՛ կորիցեն. այլ ապրեսցին. զի եթէ այլ ոք խօսեսցի, թերևս ո՛չ հաւատասցեն յայսմ ՚ի մարդկանէ։ Ետ պատասխանի Տէր և ասէ. Ես յամենայն ժամ ծառայից իմոց որ հաճոյ են ինձ՝ երևեցուցի զանձն իմ, և խօսեցայ ընդ արժանիս իմ. իսկ այլոցն ՚ի ձեռն մարդկան ծանուցի զիս. ես եմ Տէր որ քննեմ զսիրտս և զերիկամունս, և ճանաչեմ զմարդն. որ յառաջ քան զելանելն նորա յորովայնէ. ես գիտեմ եթէ խօսեցայց ընդ նոսա յանդիման՝ նոքա ո՛չ հնազանդեսցին, այլ առաւել ևս ստամբակեսցին ստամբակելով։ Ետու պատասխանի Տեառն և ասեմ. Խնդրեմ ՚ի քէն Բարձրեալ, ընդէ՞ր ո՛չ տուաւ մեզ այնպիսի սիրտ, զի գիտասցուք միայն զբարի, և զայն միայն արասցուք, և նմա միայն ցանկասցուք, և զնա միայն գիտել քաղցր. այլ յորժամ առաք զչարին գիտութիւնն՝ ընդ այն կամիմք զոր դուն ատես. ընդէ՞ր իսկ բնաւ ստեղծեր զմարդն, զի զայն ունիցիմք և նովաւ մեղանչիցեմք։ Ետ պատասխանի ինձ Տէր և ասէ. Ես արարի զմարդն զի մի՛ կորիցէ, այլ զի զայս կեանս պատուով կեցցէ. և զայն կեանս ժառանգեսցէ, և հանգոյն հրեշտակաց իմոց ետու նմա զիմաստութիւն, գիտել եթէ զի՛նչ է բարին, կամ զի՛նչ է չարն. և պատուեցի զնա, և ետու նմա զիշխանութիւն առնել զոր և կամիցի. և հնազանդ արարի նմա՛ զամենայն որ ՚ի ներքոյ երկնից, զի իշխեսցէ նոցա. ետու օրէնս և պատուիրանս զի աստ մարթասցեն կեալ, և կամ որպէս զանմահ բարիսն ստասցին։ Իսկ նա զայնպիսի իշխանութիւն յինէ՛ն առ. զոր բարւոք ստեղծեալ էր՝ ոչ բարւոք ՚ի կիր արկ՝ և մեղաւ. ո՛չ եթէ յոռի ինչ ստեղծի, այլ զամենայն զոր արարի բարի յո՛յժ, իւրաքանչիւր որ եղեն՝ ՚ի պէտս իւրեանց եղեն. զի որպէս եղև երկաթ, ո՛չ զի սպանցէ, ա՛յլ զի զերկիր գործիցէ, և ՚ի պէտս մարդկան եղիցի. իսկ մարդիկ ո՛չ յոր ստեղծան ՚ի նմին կացին, այլ որ ոչն գործեցաւ բարւոք՝ յայն ձեռնամուխ եղեն. նոյնպէս և զայլ ինչ բարւոք եղեալ՝ ՚ի չար փոխեցին։ Ո՛չ այսուհետև որ բարւոքն ստեղծիցէ պատճառք, այլ որ ոչն վայելեաց բարւոք՝ թշնամանեաց զԱրարիչն նոցունց։ Վասն այնորիկ կան մնան նոցա տանջանքն. զի որք յինէն եղեալքն իցեն՝ ամենեցուն պարտ է նոքօք առաջնորդեալ գիտասցեն զիս։ Նա և որ ոչն վայելեաց ՚ի նոցանէն ծանեաւ զիս։ Դադարեա՛ այսուհետև, և մի՛ ինչ հոգար վասն նոցա։ 63 Ետու պատասխանի և ասեմ. Խնդրեմ ՚ի քէն Տէր՝ ո՛չ պահես զոխս, ո՛չ ունի ժոյժ անձն իմ չհարցանել զքեզ. վասն այսորիկ լո՛ւր ծառայի քում. վասն այսորիկ յաճախեցեր ինձ զբազմութիւն նշանացն. և ո՛չ ասացեր ինձ՝ թէ ե՛րբ իցէ կամ յորո՛ւմ ժամու։
1 Ետ պատասխանի և ասէ ցիս Տէր. Չափելով նշանակեա՛ դու զգալուստ նշանացն, և իցէ՝ յորժամ տեսցես եթէ մերձ իցէ ամենայն առ ՚ի կատարել. 2 յայնժամ իմասջի՛ր զկատարածն, պա՛րտ է նախ լինել որ ասացան նշանքն, և այնպէս գալ կատարածին։ 3 Եղիցի ՚ի մերձենալ ժամանակին՝ խռովութիւն ժողովրդոց, շարժմունք տեղեաց հեթանոսաց, նենգութիւն առաջնորդաց, տատանումն սրբոց, հալածանք քահանայից. խոտորումն սուրբ հաւատոց, և երկմտութիւն ժողովրդեանն. շփոթ հեթանոսաց, նեղութիւն քաղաքի, բորբոքումն հրոյ ՚ի տեղիս տեղիս. սասանութիւն բազում. որոշումն ազգի ազգի քաղաքաց և գիւղից. առաւելութիւնք մոլորութեանց յայսոց պղծոց։ Յայնժամ իմասցիս եթէ մերձ է վախճան. 8 և որ յայնժամ գտցի ինձ արժանի, նա ապրեսցի, և տեսցէ զփրկութիւն իմ. և զերկիր նոր, և զսահմանս իմ. զոր սրբեցի յառաջ քան զյաւիտեանս։ 9 Եւ յայնժամ տեսցեն արհամարհոտք, և կոծեսցին և զարմասցին, որ այժմ տեսանեն զճանապարհս իմ. վասն այնորիկ կայ և մնա՛յ նոցա պատրաստեալ դատաստանն. փոխանակ զի ո՛չ ծանեան զերախտիս օրինացն իմոց, պահել զամենայն որ ՚ի նմա գրեալ է։ 13 Բայց դու մի՛ խառներ զքեզ ընդ այնպիսիսն, զոր բոց հրոյն այրելոց է։ 14 Ետու պատասխանի և ասեմ. 15 Տէր բազում անգամ ասացի եթէ բազումք են կորուսեալք, և սակաւք են ապրեալք, և նոքա բազում աշխատութեամբ. ո՞վ կարասցէ զգուշութեամբ պատրաստել այնպէս, որպէս և քո օրէնքն հրամայեն։ Ետ պատասխանի Տէր և ասէ. Ո՛չինչ ՚ի վեր քան զմարդն հրամայեցի, և ո՛չ անհնար. բայց ասեմ քեզ համառօտիւք, թէ որպէս դու կամիս պատուել ՚ի ծառայէ քումմէ, զդոյն արա՛ և դու Աստուծոյ կենդանւո՛յ, և որ քեզ չար թուի, դու մի՛ ընկերի քում առներ. և որպէս կամիս երախտաւոր լինել, եթէ սիրեսցես զնոյն, և դու արասջիր. զի եթէ զայս կրել յեղբօրէ քումմէ քեզ թիւր թուեսցի, և դու նմա արասջիր. զի զձերդ ձեզ իսկ պատուիրեցի. զի որպէս և կամքն են, նոյնպէս և գործքն. և որպէս գործքն են, նոյնպէս և վարձքն։ Կորիցէ անզգամն և անմիտ ազգ, և ապրեսցին պատուականքն և մարգարիտքն. զի ո՛չ կամիմ ընդ բազմութիւն ամբարշտաց՝ որպէս փափագեմ սակաւուց և սրբոց։ Այսպէս եղիցի, և այս կացցէ, և այսպէս սահմանեալ է յինէն, և ո՛չինչ ՚ի նոցանէն անցցէ մինչև եղիցի դատաստան, և վախճան բանից իմոց։ Եւ իբրև դադարեաց Տէր ՚ի խօսելոյ ընդ իս, և տեսանէի զփառս Բարձրելոյն բիւրապատիկ լուսաւորագոյն քան զարեգակն. յայնժամ դեռ ևս ունէր զիս ահ և դողումն, յայնչափ ՚ի փառացն գայր առ իս հրեշտակն որ յառաջնումն խօսեցաւ ընդ իս, և զօրացոյց զիս, և դարձոյց զզարմանս իմ յիս։ Եւ պատուէր ետ ինձ և ասէ. Մի՛ երկնչիր և մի՛ դողար, զի գտեր մեծ շնորհս առաջի Աստուծոյ. 23 պահեա՛ դու այլևս աւուրս եւթն, 24 երթալ ՚ի դաշտն ուր ո՛չ գուցէ տուն կամ յարկ, և ո՛չ այլ ինչ. բայց միայն ծաղիկք. և մի՛ ինչ ճաշակեսցես, և բայց միայն ՚ի ծաղկաց դաշտին, ուր դուն իցես։ 25 Եւ խնդրեա՛ ՚ի Բարձրելոյն առանց ձանձրանալոյ. և յետ այնորիկ եկից ես առ քեզ։ 26 Եւ գնացի ես ըստ բանի նորա ՚ի դաշտ՝ ՚ի տեղին որ անուանեալ կոչի Արդաբ. և նստայ անդ ՚ի վերայ ծաղկացն, և ճաշակէի անտի, և լինէր ճաշակն նոցա ինձ ՚ի քաղցրութիւն, և յագումն, և ՚ի կարողութիւն զօրութեան իմոյ։ 27 Եւ եղև յետ աւուրց՝ մինչ բազմեալ կայի ես ՚ի վերայ խոտոյն, և դարձեալ խռովէր յիս սիրտ իմ որպէս զառաջինն. 28 և բացաւ բերան իմ և սկսայ խօսել առաջի Բարձրելոյն՝ և ասել. 29 Ո՛վ Տէր Աստուած՝ որ ամենայն հոգւոց արարիչ ես, յայտնելով յայտնեցար հարցն մերոց յերկիրն յանապատ, յորժամ ելանէին յԵգիպտոսէ անցանելով ընդ անապատն անջուր և անպտուղ. և ասացեր ցնոսա, 30 թէ լուարո՛ւք որդիք Իսրայէլի, և ունկնդի՛ր լերուք բանից իմոց զաւակդ Յակոբայ. 31 ահաւասիկ ես սերմանեմ զօրէնս իմ, եթէ արասցէ պտուղ փառաւորեցայց ՚ի ձեզ. իսկ հարքն մեր ո՛չ պահեցին զօրէնս քո, վասն այնորիկ կորեան։ 36 Նոյնպէս և մեք որ ընկալաք զօրէնս քո՝ յանցեաք և անօրինեցաք։ 37 Բայց օրէնքն քո ո՛չ կորեան. այլ մնացին ՚ի փառս իւրեանց։ 38 Եւ մինչդեռ զայս ընդ իս խօսէի, համբարձի զաչս իմ և տեսի յաջմէ կողմանէ. և ահա կին մի կոծէր և ցՏէր և լայր մեծաբարբառ յոյժ, պատառեալ զհանդերձս իւր, և արկեալ մոխիր զգլխով իւրով. 39 և թողուի զառաջին զբանս իմ յորում էին, զմտաւ ածեալ զարմանայի, թէ յայսպիսում տեղւոջ կին մարդ երևեցաւ, դարձեալ առ նա ասէի ցնա՝ 40 թէ ընդէ՞ր լաս և ընդէ՛ր կոծիս դառնապէս։ Ետ պատասխանի և ասէ ցիս 41 թոյլ տուր ինձ տէր՝ զի լացից զիս՝ և յաւելից յաշխարել. զի յոյժ դառնացեալ եմ յոգի իմ, և լի եմ տառապանօք։ 42 Եւ ասեմ ցնա. Զի եղև ասա՛ ինձ։ Եւ ասէ. 43 Ամուլ եղէ ես աղախին քո, և ո՛չ ծնայ զերեսուն ամ կեցեալ ընդ առն իմում. 44 և ես հանապազ օ՛ր և ժամ յերեսուն յամն յայն խնդրէի ՚ի Բարձրելոյն ՚ի տուէ և ՚ի գիշերի. 45 և եղև յետ երեսուն ամի, և լուաւ Աստուած աղախնոյ քում. և հայեցաւ ՚ի տառապանս իմ, և ետ մեզ որդի, և ուրախ եղաք ՚ի նա՝ ես և այր իմ, և ամենայն քաղաքացիկք իմ, և փառաւորեցաք զԱստուած։ 46 Եւ սնուցաք զնա աշխատութեամբ բազմաւ։ 47 Եւ եղև յորժամ աճեաց և զարգացաւ, և կամէաք առնուլ նմա կին, և առնէաք օր ուրախութեան։
1 Եւ եղև իբրև եկն որդին յառագաստ իւր, անգաւ և մեռաւ. 2 և անցուցաք զլոյսն, և յարուցաք փոխանակ մեծ ուրախութեանն սուգ անչափ, և յարեան ամենայն քաղաքակիցքն իմ վասն նորա մխիթարել զիս, և յետ բազում մխիթարելոյ զիս՝ դադարեցի մինչև ՚ի վաղիւ անդր գիշերոյն։ 3 Եւ եղև իբրև դադարեցին ամենեքեան ՚ի մխիթարելոյ զիս, լռեցի և ես, և յարեա՛յ գիշերի և փախեայ, և եկի այսր, որպէս տեսանես զիս յայսմ դաշտի. 4 զմտաւ ածեալ մի՛ ևս դառնալ ՚ի քաղաքն, այլ աստէն դադարել. մի՛ ուտել և մի՛ ըմպել, այլ միշտ սգալ և պահել մինչև մեռայց։ 5 Եւ թողեալ զբանս իմ յորում էին։ Ետու պատասխանի ցասմամբ՝ կնոջն և ասեմ. 6 Զոր իմանասդ լաւ ինչ իմանաս քան զամենայն կանայս. ո՛չ տեսանես զսուգս մեր, 7 որ եհաս ՚ի վերայ Սիոնի, որ է մայր մեր ամենեցուն. հեծելով հեծէ Երուսաղէմ, և տրտում է, և տառապեալ յո՛յժ. և արդ ո՛չ սգաս առաւել յո՛յժ. 8 զի ամենեքեան ՚ի տրտմութեան և ՚ի զղջման և ՚ի սուգ եմք. այլ տրտում ես վասն միոյ որդւոյ քո. 9 հարց ցերկիր, և նա ասասցէ քեզ, թէ պա՛րտ է նմա սգալ. զի այնչափ ծնեալ ՚ի նմանէն բազմութիւն յապականութիւն դարձան. 11 արդ ո՞ւմ արժա՛ն է սգալ. որ այնչափ բազմութիւն կորոյս. եթէ քեզ վասն միոյն ողբալ. եթէ ասասցես՝ 12 եթէ ո՛չ է նման տրտմութեան երկրին իմ սուգս, զի ես զպտուղ որովայնի իմոյ կորուսի զոր ցաւօք ծնայ. 13 իսկ երկիր ըստ ճանապարհաց իւրոց գնաց, մերժեցաւ և գնաց մօտաւոր սուգ նորա՝ որպէս և եկն։ Եւ ես քեզ ասացից, 14 թէ որպէս աշխատութեամբ ծնեալ է, նոյնպէս և երկիր ետ զմարդն իսկզբանէ Արարչին իւրում. 15 արդ այսուհետև կա՛լ դու զտեղին քո, և առաքինութեամբ համբերեա՛ վշտացն որ եղեն քեզ. 16 զի և քո որդին յարիցէ ՚ի ժամանակի իւրում. և դու ընդ կանայս անուանեսցիս. 17 դա՛րձ այսուհետև անդրէն ՚ի քաղաք առ այր քո։ Եւ ասէ ցիս. 18 Ո՛չ արարից զայդ, և ո՛չ մտից ՚ի քաղաք, այլ աստէն մեռայց։ 19 Եւ յաւելի խօսել ընդ նմա և ասացի. 20 Մի՛ առնել զայդ իրս. այլ հաւանեաց վասն տրտմութեանն Սիոնի, և մխիթարեա՛ց վասն քաղաքին Երուսաղեմի. 21 հայիս ապաքէն և ՚ի նա, զի սրբութիւն մեր ապականեալ է՛, և սեղանն կործանեալ է՛. 22 և օրհնութիւնքն դադարեալ են, և պարծանքն մեր քակտեալ են. և լոյս ճրագին անցեալ է. և տապանակն կտակարանաց մերոց ՚ի գերութեան վարեալ է, և սրբութիւն մեր պղծեալ են. և անուն որ կոչեցեալ է ՚ի վերայ մեր՝ յայնմանէ օտարացեալ եմք. և ազատք մեր թշնամանեալ են, և քահանայք մեր լացեալ են, և Ղևտացիք մեր ՚ի ծառայութիւն անկեալ են, և կանայք մեր բռնադատեցան. և հզօրք մեր ՚ի պարտութիւն մատնեցան, 23 և քան զամենայն ոք աւելի անարգեցաւ Սիոն, իբրև զանօթ անպիտան, և լուծաւ ՚ի փառաց իւրոց, և մեք մատնեցաք ՚ի ձեռս թշնամեաց մերոց։ 24 Բայց դու թօթափեա՛ ՚ի քէն զբազմութիւն տրտմութիւնդ, և ՚ի բա՛ց ընկեա՛ ՚ի քէն զյաճախութիւն ցաւոցդ, զի հաշտեսցի ընդ քեզ Հզօրն, և հանգուսցէ զքեզ ՚ի ցաւոց քոց և ՚ի վաստակոց։ 25 Եւ եղև իբրև խօսէի ընդ նմա, զուարթանային երեսք նորա յոյժ, և տեսիլ նորա լինէր իբրև զփայլակն, և կերպարանք իւր այսպիսի ահագին առ մերձաւորս իւր. և սիրտ իմ յոյժ զարհուրեալ էր, զմտաւ ածեալ ասէի՝ թէ զի՞նչ իցէ այս. 26 և նա յանկարծակի մեծաւ բարբառով աղաղակեաց ահիւ, և ճչեաց առ ՚ի շարժել երկրի ՚ի ձայնէն. տեսանէի, 27 և ահա՛ ո՛չ ևս երևէր ինձ կինն, այլ քաղաք շինեալ ՚ի հարուստ հիմանց. զարհուրէի՝ և աղաղակէի մեծաբարբառ և ասէի. 28 Ո՞ւր իցէ Ուրիէլ հրեշտակն որ յառաջնում աւուրն եկն առ իս, զի նա արար ինձ գալ յայս տեղի զարմանալեաց, և եղեն ինձ խնդրուածք իմ, և զվախճան ՚ի թշնամանս յո՛յժ։ 29 Եւ զայս մինչդեռ խօսէի, եկն հրեշտակն՝ և ետես զիս, 30 և ահա անկեալ դնէի իբրև զմեռեալ, և իմաստութիւն իմ եղծանէր. և կալաւ զաջոյ ձեռանէ իմմէ, և զօրացոյց զիս և հաստատեաց զիս ՚ի վերայ ոտից իմոց, և ասէ ցիս. 31 Զի՞ եղև քեզ, ընդէ՞ր խռովեցար, և կամ ընդէ՞ր եղծաւ իմաստութիւն քո, և միտք սրտի քո։ 32 Եւ ասացի թէ ընդէ՞ր թողեր զիս, զի ես արարի ըստ բանի քում, և ելի ՚ի տեղիս յայս, և ահա տեսի որում ո՛չ կարեմ հասու լինել։ Եւ ասէ ցիս. 33 Կա՛ց իբրև զմարդ, և խօսեցայց ընդ քեզ։ Եւ ասացի. 34 Խօսեա՛ց տէր, բայց միայն մի՛ թողուր զիս զի մի՛ ընդ վայր մեռայց։ 35 Տեսի՝ զոր ո՛չ էր տեսեալ, և լուայ՝ զոր ոչ գիտէի, 36 բայց միայն միտք իմ մոլորեալ են, և անձն իմ ապականեալ է. 37 արդ խնդրեմ ՚ի քէն պատմեա՛ ծառայի քում, վասն սքանչելեացս այսոցիկ։ Ետ պատասխանի և ասէ ցիս. 38 Լո՛ւր ինձ՝ և ուսուցից քեզ, վասն որոյ երկնչիսդ, վասն այնորիկ Բարձրեալն յայտնեաց քեզ զբազում խորհուրդս. 39 զի ետես զուղղութիւն քո, եթէ անձանձրոյթ տրտմեալ ես վասն ժողովրդեանն, և յոյժ սգաս ՚ի վերայ Սիոնի. 40 այս իրք են։ 41 Կինն որ երևեցաւ քեզ փոքր մի յառաջագոյն, որ սգով էր. և սկսար մխիթարել զնա. 42 արդ այսուհետև ո՛չ ևս ՚ի կերպարան կնոջ տեսցես, այլ երևեցաւ քեզ քաղաք շինեալ. 45 և զի պատմէր քեզ վասն տրտմութեան որդւոյ իւրոյ. այս կին այն Սիոն է՝ զոր տեսանէիր, զոր այժմ տեսանես քաղաք շինեալ. և զի ասացն ցքեզ. Ամուլ եղէ ես ամս երեսուն։ Զի ամս բազումս ունէր յայսմ աշխարհի. և յորժամ եղևն և շինեցաւ, մատեաւ ՚ի նմա պատարագ. 46 և յետ այնորիկ շինեաց Սողոմոն զքաղաքն և զտաճարն, և մատոյց ՚ի նմա պատարագ։ Ե՞րբ էր յորժամ ամուլն ծնաւ 47 աշխատութեամբ, այն բնակութիւն Երուսաղեմի էր. 48 և յորժամ ասաց ցքեզ, եթէ՝ Որդին իմ իբրև եմուտ յառագաստ իւր և մեռաւ, պատահէր տրտմութիւն յոյժ, այն որ լինէր գլորումն Երուսաղեմի. 49 տեսեր զի սգայր ՚ի վերայ որդւոյն իւրոյ՝ և սկսար մխիթարել վասն տրտմութեանցն որ հասեալ էին նմա՛։ 50 Իբրև ետես Բարձրեալն եթէ յամենայն սրտէ հոգաս վասն նորա, եցոյց քեզ զլուսաւորութիւն փառաց նորա, և զգեղեցկութիւն վայելչութեան նորա. 51 վասն այսորիկ ասացի քեզ՝ զի մնասցես ՚ի դաշտին ուր տունն շինէր. 52 գիտէի թէ Բարձրեալն կամի ցուցանել քեզ զայս ամենայն, 53 և վասն այնորիկ ասացի քեզ գալ ՚ի տեղիս յայս, ուր ո՛չ էր շինուած հիման. 54 ուր ո՛չ կարէր գործ շինուածոց մարդկան, ՚ի տեղւոջն ուր ցուցանելոցն էր քեզ զքաղաքն Բարձրելոյ։ 55 Բայց դու մի՛ երկնչիր, և մի՛ զարհուրեսցի սիրտ քո, այլ մո՛ւտ և տե՛ս զպայծառութիւն քաղաքին, և կամ զմեծութիւն շինուածոյն, որչափ ակն քո բաւական է տեսանել։ 56 Եւ յետ այսորիկ լուիցես որչափ բաւական իցէ քո լսելիք ականջաց. 57 զի դու երանելի եղեր քան զբազումս. և հաճոյ եղեր Բարձրելոյն որպէս սակաւք, 58 մնա՛ դու աստ զվաղուեան գիշերն աստէն, 59 և ցուցից քեզ որչափ Բարձրեալն ՚ի տեսիլ երազոյ ցուցցէ քեզ՝ որ լինելոցն իցէ ՚ի վերայ բնակչաց երկրի յաւուրս վախճանի։ 60 Եւ մտի ՚ի տուն զերկուս գիշերսն որպէս և հրամայեաց ինձ հրեշտակն Տեառն։
1 Եւ եղև յերկրորդում գիշերին, ահա ելանէր ՚ի ծովէ արծուի, որոյ էին թևքն երկոտասան, և գլուխք երեք. 2 և համբառնայր զթևս իւր և թռչէր ընդ ամենայն երկիր, և ամենայն հողմք երկնից շնչէին՝ և առ նա ժողովէին. 3 և տեսանէի ՚ի թևոցն նորա, այլ թև բուսեալ, և այն լինէր փոքրիկ թևս և մանունս. 4 իսկ գլուխք արծւոյն ՚ի լռութեան կային, և միջին գլուխն մեծ էր քան զայլսն, բայց սակայն և նա ՚ի լռութեան դադարեալ էր ընդ նոսա. 5 և ահա՛ համբառնայր զթևս իւր տիրել երկրի և բնակչաց նորա։ 6 Եւ տեսանէի որպէս հնազանդէր նմա՛ ամենայն ինչ որ ՚ի ներքոյ երկնից, և ո՛չ ոք ընդդէմ դառնայր նմա՛ յարարածոց որ ՚ի ներքոյ երկնից։ 7 Եւ տեսանէի զի յառնէր արծուին և կայր ՚ի վերայ ոտից իւրոց, և ասէր. 8 Միանգամայն զամենեսեան կամիցիք արթուն կալ. այլ ՚ի քուն մտցէ իւրաքանչիւր ՚ի տեղւոջ իւրում, և ՚ի ժամանակի իւրում զարթիցէ, 9 և գլուխքն ՚ի վախճան պահեսցին. 10 և տեսի և ահա՛ ո՛չ ելանէր բարբառ ՚ի գլխոյ նորա, այլ ՚ի միջոյ մարմնոյ նորա։ 11 Եւ թուեցի զաւելորդ թևս նորա, և այն է ութ. 12 և տեսի յաջմէ կողմանէ նորա, զի կանգնէր թև մի, և իշխէր ՚ի վերայ ամենայն երկրի։ 13 Եւ իբրև այն լինէր, հասանէր նմա վախճան. զի ամենևին մի՛ երևեսցի տեղի նորա։ Եւ երկրորդն յառնէր և տիրէր, և ունէր զբազում ժամանակս, 14 և յետ տիրելոյն հասանէր վախճան նորա. զի կորիցէ իբրև զառաջինն։ 15 Եւ լինէր բարբառ ընդ նմա և ասէր. 16 Լո՛ւր դու զաւետիս քո որ այնչափ ժամանակս կալար զերկիր յառաջ քան զքո կորնչել. 17 ո՛չ ոք յետ քո կալցի յայնչափ ժամանակս իբրև զքեզ, այլ ո՛չ զկէս քո. 18 և յարեաւ երրորդն, և կալաւ զիշխանութիւնն. և կորեաւ իբրև զառաջինն 19 և նա։ Եւ այնպէս ունէր իշխանութիւն թևոցն ամենեցուն. և դարձեալ կորնչել։ 20 Եւ տեսի զամենայն թևսն, և զայն ՚ի ժամու իւրում կանգնեալ յաջմէ կողմանէ ունել զիշխանութիւնն. ունէր ՚ի նոցանէն և վաղվաղակի կորնչէր. 21 և ոմն ՚ի նոցանէ կանգնէր և չկարէր ունել զիշխանութիւնն։ 22 Եւ յետ այնորիկ տեսանէի, զի երկոտասանեքին թևքն կորնչէին, և երկու աւելորդ թևոցն, 23 և ոչինչ մնայր յանդամս արծւոյն. բայց միայն յերից գլխոցն ղօղելոց. 24 և վեց թև՛ն յորոց բաժանէին երկուքն, և երթային դադարէին առ գլխոյն յաջմէ կողմանէ, և չորքն մնացին ՚ի տեղւոջ իւրեանց։ 25 Եւ տեսանէի զի չորք թևքն խորհէին կանգնել և տիրել. 26 և ապա տեսանէի զմին, որ թէպէտ և կանգնեցաւ, վաղվաղակի կորեաւ. 28 և տեսանէի. և ահա՛ երկուն մնային ՚ի նոցանէ, որ խորհէին առաւել լինել և տիրել։ 29 Եւ մինչդեռ զայս խորհէի, մի ՚ի գլխոյ անտի ղօղելոց որ էրն մեծագոյն. 30 և ապա՛ զերկոսին գլուխսն առնոյր ընդ իւր, 31 և դառնայր գլուխն մարմնովն հանդերձ՝ և ուտէր զաւելորդ թևսն որ կամէին տիրել. 32 և այն գլուխ տիրէր ամենայն երկրի. և հնազանդեցուցանէր զբնակիչս նորա աշխատութեամբ բազմաւ, և բռնանայր բնակութեանց երկրի քան զթևոցն բռնութիւն։ 33 Եւ տեսի յետ այնորիկ զգլուխն միջին կորուսեալ իբրև զթևսն. 34 մնային երկու գլուխքն, և նոքա տիրէին երկրի, նոյնպէս և բնակչաց նորա. 35 տեսանէի և ահա՛ զի ուտէր զգլուխն, և ապականէր որ յաջմէն էր զձախակողմն։ 36 Եւ լուայ բարբառ որ ասէր ցիս. Հայեա՛ց առաջի քո, և տե՛ս զի՞նչ տեսանես։ 37 Տեսի և ահա՛ առիւծ զարթուցեալ յանտառէ գոչէր և մռնչէր, և աղաղակէր ՚ի բարբառ մարդոյ. և լսէի, զի ասէր ցարծուին. 38 Լո՛ւր ինձ և խօսեցա՛յց ընդ քեզ. այսպէս ասէ Բարձրեալն, 39 Ո՛չ դու մնացեր ՚ի չորից կենդանեացն զոր արարի տիրել ՚ի վերայ երկրի իմոյ, զի ՚ի ձեռն նոցա եկեսցէ վախճան ժամանակաց. 40 և դու չորրորդ եկիր և յաղթեցեր նոցա, և բռնացար միշտ վաստակով բազմաւ, վարեցեր զաշխարհս այսչափ ժամանակս նենգութեամբ, 41 և դատեցար զերկիր ո՛չ ճշմարտութեամբ, 42 յափշտակեցեր զհեզս, և վնասեցեր խոնարհաց, ատեցեր զճշմարիտն, և սիրեցեր զսուտն, աւերեցեր զամրութիւն գոյաւորաց, և քակտեցեր զպարիսպս որ ո՛չ յանցեան քեզ. 43 և ելին թշնամանք քո առ Բարձրեալն, և ամբարտաւանութիւն քո առ Հզօրն. 44 և հայեցաւ Բարձրեալն ՚ի ժամանակս իւր, և ահա կատարեալ էին, 45 վասն այնորիկ կորնչելով կորիցես դու արծուի, և թևք քո անպիտանք, և գլուխ քո չար, և մագիլք քո դժնդակք, և ամենայն մարմին քո ապիրատ։ 46 Զի հանգիցէ երկիր, և թեթևասցի ամենայն աշխարհ վճարել ՚ի քումմէ բռնութենէ. ակնունել դատաստանի, և ողորմութեան որ արար զնա։
1 Եւ եղև յորժամ խօսեցաւ առիւծն զբանս զայս ընդ արծւոյն. 2 և ահա՛ որ մնացեալ էր գլուխն՝ կորեաւ, և երկու թևքն որ ընդ նմա՛ էին՝ կանգնեցան և փոխէին առ ՚ի տիրել. և էր իշխանութիւն նոցա վատթարութեամբ և շփոթութեամբ լի. 3 և ապա՛ նոքա ևս կորնչէին. և ամենայն մարմին արծւոյն կիզոյր. և ափշէր երկիր յո՛յժ։ Եւ ես ՚ի շատ զարմանալոյն և ՚ի բազում երկիւղէ զարթեա՛յ՝ և ասացի ցանձն իմ, 4 ապաքէն դու արարեր ինձ քննել զճանապարհս Բարձրելոյն. 5 և ապա լուծեալ է անձն իմ, հոգի իմ, և տկար եմ յո՛յժ, և ո՛չ կայ յիս զօրութիւն ՚ի բազում երկեղէն զոր երկեայ ՚ի գիշերիս յայսմիկ։ 6 Արդ աղաչեմ զԲարձրեալն զի զօրացուսցէ զիս մինչև ՚ի վախճան։ 7 Եւ ասեմ Տէր Տէր իմ եթէ գտի շնորհս յաչս քո, թէ արդարև երանացայ բազում անգամ ՚ի քէն, և եթէ արդարև ել խնդիր իմ առաջի երեսաց քոց՝ 8 զօրացո՛ զիս, և յայտնեա՛ ծառայի քո զպատգամս և զիրս, և զմեկնութիւն ահաւոր երազոյն զոր տեսի. զի լիով մխիթարեսցես զանձն իմ. 9 որովհետեւ արժանի արարեր ցուցանել ինձ զամաց վախճան. և զժամանակաց կատարած։ Եւ ասէ ցիս. 10 Այս է մեկնութիւն երազոյն՝ 11 զոր տեսեր. արծուին որ ելանէր ՚ի ծովէն՝ չորրորդ թագաւորութիւն է որ յայտնեցաւ եղբօր քում Դանիէլի. 12 այլ ո՛չ յայտնեցաւ նմա՛ այսպէս՝ որպէս և ես յայտնեմ քեզ։ 13 Ահա աւուրք եկեսցեն՝ և յարիցէ թագաւորութիւն ՚ի վերայ երկրի, և եղիցի ահեղ քան զամենայն թագաւոր որ յառաջագոյն էին, 14 և առաջի նորա թագաւորեսցեն ՚ի նմա թագաւորք երկոտասան մի ըստ միոջէ։ 15 Իսկ երկրորդն ՚ի թագաւորացն աւելի ժամանակս 16 կալցի քան զերկոտասանս. 16 այս է մեկնութիւն երկոտասան թևոցն զոր տեսեր։ 17 Եւ որում լուար ձայնին որ խօսէր, որ ո՛չ ՚ի գլխոյն բարբառէր, այլ ՚ի միջոյ մարմնոյն իւրոյ. 18 այդ բան է որ ՚ի մէջ ժամանակի այնր արքայութեան, եղիցին որոշմունք ո՛չ սակաւք, մերձեսցի ՚ի կործանել և ո՛չ անկցի երբէք, այլ կանգնեսցի կացցէ յառաջին իշխանութեանն։ 19 Եւ զի տեսեր զաւելորդ թևսն բազում բուսեալ շուրջ զմեծ թևովք նորա, 20 այս այն բան է. յարիցեն ՚ի նմանէ ութ թագաւորք, որոց եղիցին ժամանակք թեթևք, և ժամք փութով. երկու ՚ի նոցանէն կորիցեն 21 ՚ի մերձենալ ժամանակին, և ՚ի հասանել իշխանութեան նորա. չորքն պահեսցեն ՚ի ժամանակն. յորժամ կամեսցի մերձենալ առ նորա կատարած ժամանակին. երկուն ՚ի վախճան պահեսցին։ 22 Եւ զի տեսեր ՚ի նմա երիս գլուխս լռեալս և դադարեալս, 23 այս այն բան է, ՚ի վախճանի նորա յարուսցէ Բարձրեալն երիս թագաւորս, և նորոգեսցեն բազում ինչ. խրատեսցեն զերկիր, 24 և զբնակիչս նորա իշխանութեամբ բազմաւ, քան զամենայն ոք որ յառաջն եղեալք էին. վասն այնորիկ անուանեցան նոքա Գլուխք արծուոյն. 25 նոքա եղիցին գլուխ թագաւորութեան իւրեանց, և լցցեն զվախճան նորա։ 26 Եւ զի տեսեր զգլուխն մեծ ջնջեալ և կորուսեալ, մին ՚ի նոցանէն վախճանեսցի չարչարանօք, 27 և երկուքն որ մնայցեն՝ զնոսա սուր կերիցէ. 28 և ընդ նոսին և ինքն միանգամայն ՚ի վախճանի ՚ի սուր անկցի։ 29 Եւ զի տեսեր զերկուս աւելորդ թևսն փոխեալ ՚ի գլուխն յաջակողմն կոյս, 30 այս այն բանքն են՝ զորս պահեաց Բարձրեալն ՚ի վախճան նորա, որոյ իշխանութիւն նորա անարգ և լի խռովութեամբ. 31 որպէս հայեցար ընդ առիւծն, և տեսեր ելեալ ՚ի մսրւո՛յ, սթափեալ և զարթուցեալ ՚ի քնոյ, մռընչելով խօսէր ընդ արծւոյն և յանդիմանէր զանիրաւութիւնս նորա, ըստ ամենայն բանիցն զոր լուարն։ 32 Նա է Օծեալն, զոր առաքեսցէ Բարձրեալն ՚ի ժամանակս վախճանի յազգէ Դաւթի. նա՛ ինքն ծագեսցէ և եկեսցէ և խօսեսցի ընդ նմա՛, և զամբարշտութիւնս յանդիմանեսցէ, և վասն անիրաւութեան նորա խօսեսցի, և դիցէ առաջի նորա զնզովս, 33 և ածցէ զնա՛ յիւր դատաստանն կենդանի և յորժամ յանդիմանեսցէ զնա, յայնժամ կորուսցէ զնա։ 34 Եւ զմնացեալ ժողովրդեանն նորա փրկեսցէ գթութեամբ, և զմնացեալսն ՚ի սահմանս նորա փոխեսցէ, և ուրախ արասցէ զնոսա մինչև եկեսցէ վախճան դատաստանին, վասն որոյ խօսեցաւ իսկզբանն։ 35 Ա՛յս է զոր տեսերն, և ա՛յս է մեկնութիւն նորա. 36 դու միայն արժանի եղեր գիտել զխորհուրդս Բարձրելոյն. 37 գրեա՛ զայդ ՚ի գիրս զոր տեսեր, և դի՛ր զդա յանքոյթ տեղւոջ, 38 և ուսուսցես զիմաստունս ժողովրդեան քո զԱստուծոյ. և դիցես զնա ՚ի դէպ տեղւոջ, և լուսաւորեսցես նոքօք զիմաստունս և զերկեղածս իմ. զորոց գիտես զսիրտս թէ ընդունին զնա՛՝ առ ՚ի պահել զխորհուրդս զայս։ 39 Բայց դու կա՛ց և մնա՛ աստէն, այլ ևս աւուրս եւթն, զի ցուցից քեզ զայն զոր կամի Բարձրեալն յայտնել քեզ։ 40 Եւ գնաց հրեշտակն յինէն, և եղև իբրև լուաւ ժողովուրդն, եթէ էանց եւթն օրն, ես չև՛ ևս դարձեալ էի ՚ի քաղաքն, ժողովեցաւ ամենայն ժողովուրդն ՚ի փոքունց մինչև ցմեծամեծս. և եկին առ իս, և ասեն. 41 Զի՞նչ մեղաք քեզ և կամ զի՞նչ յանցեաք. զի այսպէս լքեր թողեր զմեզ, և աստէն մնացեր յայսմ տեղւոջ. 42 դու միայն մնացեր մեզ յամենայն մարգարէից իբրև զողկոյզ կթոց, և իբրև զճրագ յաղջամղջին տեղւոջ, իբրև զնաւահանգիստ մի միայն փրկու թեան. 43 ո՛չ է բաւական չարս որ եհաս ՚ի վերայ մեր, 44 այլև դու ևս զմեզ լքեր թողեր. որչափ լաւ էր մեզ կիզուլ և այրիլ ՚ի հուր ընդ Սիոնի. 45 զի էր մեզ լաւ քան զհին մեռեալս նորա։ Եւ յասել նոցա զայս՝ լացին մեծաբարբառ։ 46 Ետու պատասխանի և ասեմ ցնոսա. Քաջալերեաց տունդ Յակոբայ, 47 զի կայ յիշատակ մեր առաջի Բարձրելոյն. և Հզօրն ո՛չ մոռացաւ զմեզ իսպառ. 48 այլ ես ո՛չ թողի զձեզ, այլ եկի ՚ի տեղիս յայս՝ աղաչել զՏէր վասն աւերածոյն Սիոնի, և խնդրել զողորմութիւն վասն տառապանաց մերոց։ 49 Եւ արդ երթիցեն իւրաքանչիւրոք ՚ի ձէնջ ՚ի տուն իւր, և ես եկից առ ձեզ յետ այսց աւուրց։ 50 Եւ գնաց ժողովուրդն ՚ի քաղաքն՝ որպէս ասացի նոցա. 51 և ես նստայ ՚ի դաշտին զեւթն օր, որպէս և հրամայեաց ինձ հրեշտակն Տեառն. և ուտէի ՚ի ծաղկանց և ՚ի բանջարոց դաշտին, և եղև ինձ ՚ի կերակուր ա՛յն զաւուրսն։
1 Եւ դարձեալ տեսանէի ՚ի տեսլեան գիշերոյ, 2 և տեսանէի ՚ի ծովէ կողմանէ հողմ մեծ՝ զի շարժէր զամենայն ալիս նորա. 3 և հանէր ինքն հողմ ՚ի սրտէ ծովուն ՚ի նմանութիւն մարդոյ, և ընթանայր և թռչէր ընդ նոսա մարդն ամպովք հանդերձ. և ուր զերեսս իւր դարձուցանէր՝ դողայր յորս հայէրն, 4 և ուր հասանէր բարբառ բերանոյ նորա, հաշէին և մաշէին ամենեքեան որ լսէին զձայն նորա, որպէս հալի մոմ յորժամ մերձեսցի ՚ի հուրն։ 5 Եւ տեսանէի յետ այնորիկ՝ ժողով լինէր բազմութեան մարդկան ՚ի չորից կողմանց երկրի, որոց ո՛չ էր թիւ, զի մարտիցեն ընդ մարդոյն որ ելանէր ՚ի ծովէ անտի, 6 և տեսանէի թէ որպէս կռփէր իւր զլեառն մեծ և մտանէր ՚ի նա՛. 7 և ես խնդրէի գտանել զերկիրն և զտեղին ուր փորեցաւն, և ո՛չ կարացի։ 8 Եւ յետ այնորիկ տեսի և այս՝ ամենեքեան ժողովեցան առ նա՛ մարտնչել ընդ նմա՛. երկնչէին յո՛յժ, բայց սակայն կռուէին կռուելով. 9 և յորժամ ետես զբազումս դիմել գալ հասանել բազմութիւնն ՚ի վերայ, ո՛չ համբառնայր զձեռն իւր առնուլ զզէն ՚ի վեր, և ո՛չ այլ ինչ անօթ պատերազմի, բայց միայն տեսի ՚ի պատերա՛զմին, 10 զի որպէս բոց հրոյ բղխէր ՚ի բերանոյ նորա, և ՚ի շրթանց իւրոց իբրև զփայլակն լուսոյ, 11 և յարձակէր յարձակելով ՚ի վերայ պատրաստ բազմութեանն կռուել, և կիզոյր յանկարծակի զամենեսեան առհասարակ, առ ՚ի չգտանել բնաւ ամենևին յայնչափ ՚ի բազմութենէ, բայց միայն աճիւն մոխրոյ և հոտ ծխոյ տեսի, և զարմացայ ՚ի միտս իմ։ 12 Եւ յետ այսորիկ տեսի այր մի զի իջանէր ՚ի լեռնէ միոջէ, և կոչէր առ ինքն այլ ևս բազմութիւն խաղաղութեան. 13 և գային առ նա՛ տեսանել բազումք ՚ի մարդկանէ, ոմանք ՚ի նոցանէն ուրախութեամբ էին, և ոմանք տրտմութեամբ, և ոմանք ՚ի նոցանէ կապեալս ածէին, և ես ՚ի բազմութենէ ամբոխին զարթեա՛յ և աղաչեցի զԲարձրեալն, և ասեմ. 14 Դու Տէր իսկզբանէ ցուցեր ծառայիս քում զսքանչելիս քո զայս, և արժանի համարեցար զիս ընդունել զխնդրուածս իմ. 15 արդ և այժմ յայտնեա՛ ինձ զայսր երազոյ մեկնութիւն, 16 որպէս կարծեմ մտօք իմովք, եթէ այս իցեն որք մնասցեն յաւուրսն յայնս, ապա եղո՛ւկ են մնացեալք յաւուրսն յայնս։ 19 Տեսանեմ վիշտս մեծամեծս և տառապանս բազումս, որպէս և նշանակէ երազս ա՛յս. 20 արդ ապաքէն օգուտ էր հասանել ՚ի ժամաանակն յայն, եթէ անցանել իբրև զամպ, և մի՛ տեսանել որ հասանելոցն իցէ վախճան ժամանակի։ Ետ պատասխանի հրեշտակն և ասէ ցիս. 21 Ասացից քեզ և զայս երազոյ մեկնութիւն, այլ և վասն մնացելոցն, 22 և վասն որոց խօսեցաւ նա՛ առ ՚ի վախճան ժամանակաց, այս բանք են։ 23 Երանի՛ իցէ այնոցիկ որ հասանիցեն յաւուրսն յայնոսիկ, և որ պահիցեն ՚ի համբերութեան զհաւատսն և զճշմարտութիւն և զողորմութիւն. 24 գիտեա՛ այսուհետև զի առաւել երանեցան մնացեալքն քան զանցեալսն։ 25 Իսկ մեկնութիւն երազոյն ա՛յս է, զայրն զոր տեսեր որ ելանէր ՚ի ծովէ անտի, 26 ա՛յն է զոր առաքեսցէ Բարձրեալն յետ բազում ժամանակաց, և ՚ի ձեռն նորա փրկեսցէ զարարածս իւր. և նա դարձուսցէ զմնացեալսն. 27 և զի տեսեր զի ելանէր շունչ հրոյ, 28 և զի ո՛չ ունէր ՚ի ձեռին զէն, և ո՛չ կահ ինչ պատերազմի, և զի յաղթեաց բազմութեան յարձակելոցն որք գային կռուել ընդ նմա՛, այս այն բան է. 29 զի ահա աւուրք եկեսցեն յորժամ կամեսցի փրկել Բարձրեալն որ ՚ի վերայ երկրի, 30 հասցեն զարմանք ՚ի վերայ ամենայն բնակչաց երկրի. 31 խորհեսցին ընդ միմեանս տալ պատերազմն, տեղի ընդ տեղւոյ, ազգ ընդ ազգի, թագաւորութիւն ընդ թագաւորութեան, ժողովուրդք ընդ ժողովուրդս, առաջնորդք ընդ առաջնորդս, քահանայք ընդ քահանայս, և հաւատք պաշտաման բաժանեսցին յիւրաքանչիւր կողմանց. 32 և եղիցի լինել նշանացս այսոցիկ, զոր ես քեզ ասացի. Երևեսցի Բարձեալն զօրութեամբ մեծաւ. սա է այրն այն զոր տեսեր երևեալ ՚ի ծովէ անտի. և փշրեսցեն ՚ի հեթանոսաց զպատկերս պղծութեան իւրեանց։ 33 Եւ յորժամ լուիցեն զնմանէ, հեռասցին չտալ ընդ միմեանս պատերազմ. 34 և ժողովեսցին միանգամայն բազմութիւն այնչափ յամենայն բնակչաց երկրի, ծառայել Տեառն հաւատովք։ Եւ առ ՚ի մերձենալ վախճանին քակտեսցին ՚ի միմեանց. ա՛յս է բազմութիւնն զոր տեսեր, որ կամէր գալ և տալ պատերազմ ընդ նմա, 35 այլ նա կացցէ ՚ի վերայ լերինն գլխոյ որ է Սիոն, 36 զի ՚ի Սիոնէ եկեսցէ, և երևեսցի ամենայն պատրաստողաց, 37 և յանդիմանեսցէ զամբարշտութիւնս այլոց, և զչարաչար գործս նոցա, և ցուցցէ նոցա զդատաստանն որով դատեսցի զնոսա։ 38 Եւ յետ այնորիկ առանց աշխատութեան կորուսցէ զնոսա։ 39 Եւ զի տեսեր զնոսա, զի ժողովէր այլ բազմութիւն խաղաղութեան՝ 40 նոքա են, որ յանարգ հեթանոսաց ժողովեալ վարեցան, և ՚ի զաւակէն Աբրաամու խառնեցան ընդ նոսա. ա՛յս է բազմութիւնն ժողովեալ և խաղաղական. և որք համբերենն ՚ի նոցանէ՝ ցուցցէ նոցա Բարձրեալն աւելի նշանս. և պաշտպանեսցէ նոցա։ Եւ ասացի՝ թէ երանի՛ իցէ այնմ ազգի, քան այժմու ժողովրդեանս։ Եւ ասէ ցիս. Այսպէս եղիցի որպէս տեսերն, և մեկնեցաւ քեզ։ 51 Եւ ասեմ ցնա՛. Տէր և զայս ևս յայտնեա՛ ինձ. ընդէ՞ր տեսի մարդ յայտ եղեալ գալ ՚ի ծովէ անտի։ 52 Եւ ասէ ցիս. Որպէս ոչ ոք կարէ տեսանել, կամ քննել, կամ գիտել զանդունդս խորոց. այնպէս այժմ ո՛չ ոք կարասցէ ՚ի վերայ երկրի ճանաչել, կամ գիտել զխորհուրդս Բարձրելոյն, եթէ ո՛չ ՚ի ժամանակի փառաւոր յայտնութեան նորա։ 53 Ա՛յս է մեկնութիւն երազոյն զոր տեսեր։ Եւ վասն այնորիկ քեզ միայնոյ յայտնեցաւ այս յերկրի. 54 թողեալ զքո հոգս որ հոգաբարձու եղեր վասն անուանն, և վասն օրինաց նորա. խնդրեցեր դու վասն ժողովրդեան նորա, և աղաչեցեր. 55 զի զկեանս քո վարեցեր իմաստութեամբ և գիտութեամբ. 56 վասն այնորիկ եցոյց քեզ զայս ամենայն, զի յետ այլ երից աւուրց ասացից քեզ. և երևեսցին քեզ զարմանալիքս։ 57 Եւ իբրև շրջեալ գնայի ՚ի տեղւոջ դաշտին, և փառաւորէի զմեծազօրն Աստուած, 58 զի այնպէս դարմանէ և առաջնորդէ. և ո՛չ արհամարհէ զազգս մարդկան. և կացի անդ զերիս աւուրս։
1 Եւ եղև յետ երրորդ աւուրն, ես ննջէի ՚ի ներքոյ կաղնւոյ միոյ, 2 և այլադէմ յանդիման իմ ՚ի մորենւոջ ելանէր բարբառ, և ասէր ցիս. Եզրա՛ եզրա՛։ Եւ ասացի. Ահաւասիկ եմ ես։ Իբրև զայս ասէի՝ յոտն կացի ՚ի վերայ ոտից իմոց. և ասէ ցիս. 3 Երևելով երևեցայ ՚ի մորենւոյս, և խօսեցայ ընդ Մովսէսի. յորժամ ժողովուրդն ծառայէր յԵգիպտոս. 4 և առաքեցի զնա՛, և հանի զժողովուրդն իմ յԵգիպտոսէ. և ածի զնոսա ՚ի լեառն Սինա՛. և կալա՛յ զնոսա աւուրս բազումս. 5 և ցուցի նմա բազում սքանչելիս. և յայտնեցի նմա՛ զխորհուրդս ժամուց. և ծանուցի նմա՛ զվախճան ժամանակաց. և պատուէր ետու նմա՛ ասել 6 զբանս համարձակութեան յայտնի. և չէ՛ ինչ որ ծածկեալ է. 7 և այժմ քեզ ասեմ 8 զխորհուրդս զայս զոր յառաջ նշանակեցի։ Եւ զերազս զոր տեսեր, և զմեկնութիւնն զոր իմացար, ՚ի մտի քում պահեա՛. 9 զի դու համբարձցիս ՚ի մարդկանէ, և ընդ իս լինիցիս այսուհետև, և որ քեզ նման ոք իցէ մինչև ՚ի կատարումն ժամանակաց. 13 հրաման տուր այսուհետև և վասն տան քո, և մխիթարեա՛ զտառապեալս նոցա, և խրատեա՛ զժողովուրդ քո, և իմաստնացո զիմաստունս նոցա. 14 հրաժարեա՛ դու այսուհետև յապականական կենացս, և մերժեա՛ ՚ի քէն զշփոթեալ միտս, և հեռացո՛ ՚ի քէն զմարդկեղէն ծանօթութիւն, և ՚ի բա՛ց ընկեա ՚ի քէն զհոգս, և զյուզական միտս. և փութա՛ փոխել յայսմ երկրէ, 15 զոր այժմ տեսեր զպահեալն չարն. դարձեալ ևս քան զայս տեսցես 16 զի որչափ կեանքս այս անցանեն, նոյնչափ բազմանան չարիք ՚ի վերայ երկրի. 17 հեռասցի յո՛յժ ճշմարտութիւնն որ առ Աստուած, և որ առ մարդիկս էր, մերձեսցի սրտմտութիւն և ատելութիւն, ահաւանիկ փութայ արծուին գալ՝ զոր տեսեր ՚ի տեսլեան։ 18 Ետու պատասխանի և ասեմ. Խօսեցայց սակաւիկ միւս ևս առաջի քո Տէր. 19 ահա երթամ որպէս և հրամայեցեր ինձ, և խրատեցեր զմօտական ժողովուրդն։ Իսկ որ միւսանգամն ծնանիցենն ո՞վ խրատեսցէ. 20 զի կայ աշխարհս ՚ի խաւարի, և բնակիչք սորա առանց լուսոյ. 21 քանզի օրէնք քո այրեցան. և ո՛չ ոք յետ այսոցիկ ծանիցէ զգործս զարմանալեաց քոց. և ո՛չ զպատուիրանս քո զոր պատուիրեցեր։ 22 Զի եթէ գտի շնորհս առաջի քո, ա՛րկ յիս զՀոգի Սուրբ, զի գրեցից զամենայն որ եղև իսկզբանէ յայսմ աշխարհի. և որչափ ինչ էր գրեալ յօրէնս քո, թերևս կարասցեն մարդիկ զշաւիղս փրկութեան գտանել, և ոյք կամին կալ ՚ի սրբութեան ճանապարհին։ 23 Ետ պատասխանի և ասէ ցիս. Ե՛րթ ժողովեա՛ դու զժողովուրդն, և ասասցես ցնոսա զի մի՛ խնդրեսցեն զքեզ աւուրս քառասուն։ 24 Եւ դու պատրաստեա՛ քեզ տախտակս բազումս, և ա՛ռ ընդ քեզ զԴարիան և զԱրաբիան և զՀերմիան, և զԵղկանա՛. և զԵթեն. զնոսա հնգեսեան, զի պատրաստեսցեն ՚ի գրել։ 25 Եւ եկեսցես ՚ի կարգի, և վառեցից բորբոքեցից ՚ի սրտի քում ճրագ իմաստութեան որ ո՛չ անցցէ մինչև ՚ի կատարել զոր գրելոցն իցես։ 26 Եւ յորժամ զայս կատարեսցես, է ինչ ՚ի նոցանէն զոր յայտնեսցես, և է ինչ զոր գաղտնի ՚ի ծածուկ իմաստնոց ուսուսցես. վաղիւ յայսմ ժամու սկսի՛ր գրել։ 27 Եւ գնացի՝ որպէս հրամայեաց ինձ Տէր. և ժողովեցի զամենայն ժողովուրդն, և ասացի ցնոսա։ 28 Լո՛ւր Իսրայէլ զբանս զայս զիմ. 29 պանդխտութեամբ պանդխտեցան հարքն մեր յԵգիպտոս ՚ի նախնմէ, և փրկեցան անտի. 30 և ընկալան օրէնս կենաց զոր ո՛չ պահեցին, զորով և դուք անցէք. 31 և տուաւ ձեզ երկիրն ՚ի ժառանգութիւն, և յերկրի ձերում դուք և հարքն ձեր անօրինեցայք, և ո՛չ պահեցէք զճանապարհս զոր պատուիրեաց ձեզ Բարձրեալն, 32 և արդար դատաւորն. և զերծ հան ՚ի մէնջ ՚ի ժամանակի զպարգևեալն, 33 և արդ՝ դուք աստ էք, և եղբարք ձեր ներքսագոյն քան զձեզ են. 34 թէ դնիցէք ՚ի մտի ձերում և խրատիցիք, և հնազանդեցուցէք զսիրտս ձեր, կենդանիք պահեսջիք։ 35 Զի դատաստանն յետ մահու եկեսցէ, յորժամ դարձեալ կենդանասցո՛ւք. յայնժամ արդարոցն անուն յայտնեսցի, 36 և առ իս ոք մի՛ մերձեսցի այսուհետև, և մի՛ խնդրեսցէ ոք զիս մինչև ցքառասուն օր։ 37 Եւ առի ընդ իս զհնգեսեան արսն զոր հրամայեաց ինձ, և գնացի ՚ի դաշտն և եղէ անդ։ 38 Եւ եղև ՚ի վաղիւ անդր, և ահա ձայն բարբառոյ կոչեաց զիս և ասէ. Եզրա՛ Եզրա՛, բա՛ց զբերան քո և կո՛ւլ զոր ես քեզ տամ։ 39 Եւ բացի զբերան իմ, և ահա բաժակ մի տուաւ ինձ, և գոյն նորա էր ջրոյ, 40 և առի արբի։ Իբրև արբի, սիրտ իմ բխեաց զիմաստութիւն, և միտք իմ յաւելին զհանճար, և հոգի իմ բխեաց զյիշատակս, 41 և բացաւ բերան իմ և ո՛չ փակեցաւ. 42 և Բարձրեալն ետ զիմաստութիւն հնգեցունց արանցն, և գրեցին փոխանակաւ զասացեալ նշանսն գրով, զորս ո՛չ գիտէին. և նստայ անդ աւուրս քառասուն, և նոքա ՚ի տունջեան գրէին, 43 և ՚ի գիշերի հաց ուտէին. և ես ՚ի տուէ խօսէի, և ՚ի գիշերի դադարէի. 44 և գրեցին ՚ի քառասուն աւուրն գիրս իննսուն և չորս։ 45 Եւ եղև յետ լնուլ քառասուն աւուրն՝ խօսեցաւ ընդ իս Բարձրեալն և ասէ, Զառաջինն զոր գրեցեր յայտ դիջիր, և կարդասցեն զնա արժանիք. 46 և զերկրորդն պահեսջիր առ յուսուցանել զիմաստունս ժողովրդեանն. 47 զի ՚ի նոսա են առակք իմաստութեան, և աղբիւր հանճարոյ և գիտութեան։ Եւ արարի այնպէս. յամին չորրորդի շաբաթիւն ամաց. յետ ամաց հինգ հազար արարածոց աշխարհի, և երկուց ամսոց աւուրց. և ինքն Եզր վերացաւ և համբարձաւ ՚ի գունդ նմանողաց իւրոց ընդ սուրբս և ընդ արդարս։ Գրեցի զայս ամենայն. և յորջորջեցայ դպիր Բարձրելոյն. որում փառք յաւիտեանս. Ամէն։
[5478] Զդուզնաքեայ տարբերութիւնս օրինակաց սորա զանց առնեմք նշանակել, շատ համարելով ուղղագունին ՚ի նոսա զհետ երթալ։