ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏԵԱՆ ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԱՑ

Հ. Յովհաննու Զօհրապեան վարդապետ

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՄԱՂԱՔԻԱՅ

1
Գլուխ Ա

1 Առած բանի Տեառն ՚ի վերայ Իսրայէլի ՚ի ձեռն հրեշտակի իւրոյ։

Ա Դի՛ք ՚ի սիրտս ձեր։ 2 Սիրեցի՛ զձեզ ասէ Տէր։ Եւ ասացէք. Ի՞ւ սիրեցեր զմեզ։ Ո՞չ եղբայր էր Եսաւ Յակոբու՝ ասէ Տէր. եւ սիրեցի զՅակոբ[10897]. 3 եւ զԵսաւ՝ ատեցի, եւ կարգեցի զսահմանս նորա յապականութիւն, եւ զժառանգութիւն նորա ՚ի դաշտ անապատի[10898]։ 4 Զի թէ ասիցէ Եդոմ, թէ ահա կործանեցաւ՝ դարձցո՛ւք եւ շինեսցուք զքաղաքս աւերեալս. ա՛յսպէս ասէ Տէր ամենակալ. Նոքա շինեսցեն, եւ ես կործանեցի՛ց. եւ կոչեսցին նոքա Սահմանք անօրէնութեան. եւ ժողովուրդ ընդ որում տացէ պատերազմ Տէր մինչեւ ցյաւիտեան[10899]։ 5 Եւ աչք ձեր տեսցեն. եւ դուք իսկ ասասջիք եթէ բարձրացա՛ւ Տէր ՚ի վերայ սահմանաց Իսրայէլի։ 6 Որդի փառաւո՛ր առնէ զհայր, եւ ծառայ երկնչի՛ ՚ի տեառնէ իւրմէ. իսկ արդ՝ եթէ Հա՛յր եմ ես՝ ո՞ւր է փառքն իմ. եւ եթէ Տէր եմ, ո՞ւր է պատիւն իմ, ասէ Տէր ամենակալ։ Դուք քահանայք որ բամբասէք զանուն իմ, եւ ասէք. Ի՞ւ բամբասեցաք զանուն քո[10900]։ 7 Զի մատուցանէք ՚ի սեղան իմ հա՛ց պղծութեան. եւ ասացէք. Ի՞ւ պղծեցաք զնոսա. յասելն ձեր թէ սեղա՛ն Տեառն արհամարհեալ է, եւ զոր ինչ դնի ՚ի վերայ նորա[10901]։ 8 Զի թէ մատուցանիցէք զկոյրն ՚ի պատարագ՝ չիցէ՞ չար. եւ եթէ մատուցանիցէք զկաղն կամ զհիւանդոտն՝ չիցէ՞ չար. աղէ՝ մատո՛ զնա իշխանին քում, թէ ընդունիցի՞ զքեզ, կամ թէ առնուցո՞ւ քեզ ակն, ասէ Տէր ամենակալ[10902]։ 9 Եւ այժմ աղաչեցէ՛ք զերեսս Աստուծոյ ձերոյ՝ եւ հաշտեցուցէ՛ք զնա. ՚ի ձեռաց ձերոց եղեւ այդ. եթէ առի՞ց ինչ ՚ի ձէնջ ակնառութեամբ, ասէ Տէր ամենակալ։ 10 Զի եւ ձեզ դրունք փակեսցին, եւ մի՛ մերձենայք ՚ի սեղան իմ վայրապար. զի ո՛չ են կամք իմ ՚ի ձեզ՝ ասէ Տէր ամենակալ. եւ զպատարագս ո՛չ ընկալայց ՚ի ձեռաց ձերոց։ 11 Զի յարեւելից մինչեւ ՚ի մուտս արեւու փառաւորեա՛լ է անուն իմ ՚ի մէջ ազգաց. եւ յամենայն տեղիս մատչին խունկք անուան իմոյ, եւ պատարագ սուրբ. զի մե՛ծ է անուն իմ ՚ի հեթանոսս՝ ասէ Տէր ամենակալ[10903]։ 12 Եւ դուք պղծեցէք զնա՝ յասելն ձեր՝ թէ սեղան Տեառն պի՛ղծ է, եւ կերակուրն որ դնի ՚ի վերայ նորա՝ արհամարհեալ է[10904]. 13 եւ ասէիք թէ այն յաշխատութենէ՛ է. եւ փչեցի՛ց զայն արտաքս՝ ասէ Տէր ամենակալ։ Եւ եթէ մատուցանիցէք ինձ յափշտակեալն՝ եւ զկաղն՝ եւ զվտիտս պատարագ, եթէ ընկալա՞յց զնոսա ՚ի ձեռաց ձերոց՝ ասէ Տէր ամենակալ[10905]։ 14 Անիծեա՛լ լիցի մարդն որ կարօղ իցէ, եւ կայցէ ՚ի խաշին նորա ո՛րձ. եւ ուխտ իւր յանձին իւրում. եւ մատուցանիցէ Տեառն զարատաւորն. զի Թագաւոր յաղթօղ եմ ես՝ ասէ Տէր ամենակալ. եւ անուն իմ երեւելի՛ ՚ի մէջ ազգաց[10906]։

2
Գլուխ Բ

1 Եւ արդ՝ ա՛յս պատուէր է իմ առ ձեզ քահանայքդ։ 2 Եթէ ո՛չ լսիցէք՝ եւ ո՛չ դնիցէք ՚ի սրտի ձերում, տալ փառս անուան իմում՝ ասէ Տէր ամենակալ. առաքեցից ՚ի վերայ ձեր անէծս, եւ անիծի՛ց զօրհնութիւնս ձեր՝ եւ նզովեցից զնա, եւ ցրուեցից զօրհնութիւնս ձեր. եւ մի՛ եղիցի ՚ի միջի ձերում. զի դուք ո՛չ եդիք ՚ի սրտի ձերում։ 3 Ահաւասիկ ես որոշեցից ձեզ թե՛կն, եւ ցանեցից զապաւառն ընդ երեսս ձեր, զապաւառն տօնից ձերոց, եւ բարձից զձեզ նովաւ[10907]։ 4 Եւ ծանիջիք՝ եթէ ե՛ս առաքեցի առ ձեզ զպատուէրդ զայդ՝ լինել ուխտի իմոյ առ Ղեւտացիսն, ասէ Տէր ամենակալ։ 5 Ուխտն իմ որ ընդ նմա՝ կենա՛ց եւ խաղաղութեան. ե՛ս ետու նմա երկեւղ՝ երկնչել յինէն, եւ յերեսաց անուան իմոյ խորշել[10908]։ 6 Օրէնք ճշմարտութեան էին ՚ի բերան նորա, եւ անօրէնութիւն ո՛չ գտաւ ՚ի շրթունս նորա. խաղաղութեամբ եւ ուղղութեամբ գնաց ընդ իս. եւ զբազումս դարձոյց յանիրաւութենէ[10909]։ 7 Զի շրթունք քահանային զգուշասցին գիտութեան. եւ օրէնս խնդրեսցեն ՚ի բերանոյ նորա. զի հրեշտա՛կ Տեառն ամենակալի է։ 8 Իսկ դուք խոտորեցարուք ՚ի ճանապարհէ. եւ տկարացուցէք զբազումս օրինօքն. եւ ապականեցէք զուխտն Ղեւեայ՝ ասէ Տէր ամենակալ։ 9 Եւ ես ետու զձեզ արհամարհեալս եւ լքեալս ընդ ամենայն ազգս, փոխանակ զի ո՛չ պահեցէք զճանապարհս իմ. այլ ա՛կն առնուիք օրինօքն։ 10 Ոչ ապաքէն մի՞ Հայր է ամենեցուն ձեր. ո՞չ մի Աստուած հաստատեաց զձեզ. զի՞ է զի թողէք իւրաքանչիւր զեղբայր իւր, պղծել զուխտ հարցն ձերոց[10910]։ 11 Լքա՛ւ Յուդայ, գարշելիք գործեցան յԻսրայէլի եւ յԵրուսաղէմ. զի պղծեաց Յուդա զսրբութիւնս Տեառն ՚ի ձեռաց այնոցիկ զոր սիրեացն. եւ հարա՛ւ յաստուածս օտարս[10911]։ 12 Սատակեսցէ՛ Տէր զմարդն որ առնիցէ զայն, մինչեւ նկո՛ւն լիցի ՚ի յարկացն Յակոբայ. եւ ՚ի մատուցանելեացն պատարագաց Տեառն ամենակալի։ 13 Եւ զոր եսն ատէի՝ առնէիք. ծածկեցէք արտասուօք զսեղան իմ. եւ լալով եւ քըքովք յաշխատութեանց։

Բ Եթէ արժա՞ն ինչ իցէ միւսանգամ հայե՛լ ՚ի պատարագս ձեր, կամ առնուլ ընդունելութիւն ՚ի ձեռաց ձերոց[10912]։ 14 Եւ ասացէք. Բա՛յ ընդէ՞ր. զի Տէր ե՛դ ուխտ ՚ի մէջ քո, եւ ՚ի մէջ կնոջ մանկութեան քոյ զոր թողերն. եւ նա էր ամուսին եւ կին ուխտի քոյ[10913]։ 15 Եւ ո՛չ այլ ոք արար. եւ հատո՛ր ոգւոյ նորա է։ Եւ ասացէք՝ թէ զի՞նչ այլ ինչ խնդրէ Աստուած՝ եթէ ո՛չ զաւակ։ Զգուշացարո՛ւք յոգիս ձեր, եւ զկին մանկութեան քոյ մի՛ թողուր. 16 բայց եթէ առ ատել արձակեսցես՝ ասէ Տէր Աստուած Իսրայէլի. ծածկեսցէ ամպարշտութիւն զխորհուրդս քո՝ ասէ Տէր ամենակալ. զգո՛յշ լերուք յոգիս ձեր, եւ մի՛ թողուցուք[10914]։ 17 Որ բարկացուցանէք զԱստուած բանիւք ձերովք, եւ ասէք ի՞ւ բարկացուցաք զնա. յասելն ձեր թէ ամենայն որ զչար գործէ՝ բարւո՛ք թուի առաջի Տեառն, եւ ընդ ա՛յն իսկ հաճեցաւ նա. եւ ո՞ւր է Աստուած արդարութեան[10915]։

3
Գլուխ Գ

Գ 1 Ահա ես առաքեմ զհրեշտա՛կ իմ, եւ տեսցէ զճանապարհս իմ առաջի իմ. եւ յանկարծակի՛ եկեսցէ ՚ի տաճար իւր Տէրն զոր դուք խնդրէք, եւ հրեշտակն ուխտի զոր դուք կամիք։ Ահաւադիկ գա՛յ ասէ Տէր ամենակալ[10916]. 2 եւ ո՞վ ժուժկալեսցէ աւուր մտի նորա, եւ կամ ո՞ հանդարտեսցէ յայտնութեան նորա. զի նա մտցէ իբրեւ զբո՛ց հալոցի, եւ իբրեւ զաճառ լուալեաց[10917]։ 3 Եւ նստցի սրբել եւ ձուլել իբրեւ զարծաթ եւ իբրեւ զոսկի. եւ սրբեսցէ զորդիս Ղեւեայ. եւ հալեսցէ զնոսա իբրեւ զոսկի եւ իբրեւ զարծաթ. եւ եղիցի Տեառն մատուցանել զպատարագս արդարութեամբ[10918]։ 4 Եւ հաճո՛յ եղիցի Տեառն պատարագն Յուդայ եւ Երուսաղեմի. որպէս յաւուրսն յաւիտենից, եւ որպէս յամսն առաջինս։ 5 Եւ հասի՛ց ՚ի վերայ ձեր դատաստանաւ. եւ եղէց վկայ արա՛գ ՚ի վերայ կախարդաց եւ կանանց շնացելոց, եւ ՚ի վերայ այնոցիկ ոյք երդնուցուն յանուն իմ ստութեամբ. եւ որոց հատանիցեն զվարձս վարձկանի, եւ որ յաղթահարեն զայրիս՝ եւ կռփեն զորբս, եւ խոտորիցեն զիրաւունս պանդխտին. եւ որ ո՛չ երկնչիցին յինէն՝ ասէ Տէր ամենակալ[10919]։ 6 Զի ե՛ս եմ Տէր Աստուած ձեր, եւ ո՛չ փոխիմ. եւ դուք որդիք Յակոբու՝ 7 ո՛չ կացէք ՚ի բաց ՚ի մեղաց հարցն ձերոց. խուսափեցէք յօրինաց իմոց, եւ ո՛չ պահեցէք զնոսա։ Դարձարո՛ւք առ իս՝ եւ ես դառնամ առ ձեզ՝ ասէ Տէր ամենակալ. եւ ասացէք. Ի՞ւ դարձցուք[10920]։ 8 Իցէ՞ թէ խաբիցէ մարդ զԱստուած. զի դուք խաբեցէք զիս, եւ ասացէք. Ի՛ւ խաբեցաք զքեզ։ Զի տասանորդք եւ պտուղք առ ձե՛զ են. 9 եւ չարակնելով չարակնէք՝ եւ խաբէք զիս[10921]։ 10 Տարին կատարեցաւ, եւ զարդիւնս ամենայն ՚ի շտեմարանս ձեր ժողովեցէք. եւ եղիցի յափշտակութիւն տանց ձերոց. դարձարո՛ւք այդուիկ՝ ասէ Տէր ամենակալ. եթէ ո՞չ բացից ձեզ զպատուհանս երկնից, եւ զեղից ձեզ զօրհնութիւն իմ մինչեւ ՚ի շատանալ[10922]։ 11 Եւ զգուշացա՛յց ՚ի կերակրոց ձերոց, եւ ո՛չ ապականեցից զպտուղ երկրի ձերոյ. եւ մի՛ վատեսցէ ո՛րթ ձեր յայգւոջ՝ ասէ Տէր ամենակալ[10923]։ 12 Եւ երանիցեն ձեզ ամենայն ազգք. զի եղիցիք դուք ինձ երկիր կամաց, ասէ Տէր ամենակալ[10924]։ 13 Ծանրացուցէ՛ք ինձ զբանս ձեր. ասէ Տէր. 14 եւ ասացէք. Ի՞ւ բամբասեցաք զքեզ. զի ասէիք՝ թէ զո՛ւր է ամենայն՝ որ ծառայէ Աստուծոյ. եւ զի՞նչ աւելի է զի պահեցաք զպահպանութիւնս նորա. եւ զի գնացաք պաղատանօք առաջի Տեառն ամենակալի[10925]։ 15 Եւ արդ մեք երանեմք այլո՛ց. եւ բարեշէ՛ն են ամենեքին, որ գործեն զանօրէնութիւն, եւ ընդդէմ դարձան Աստուծոյ եւ կեցին։ 16 Զա՛յս տրտնջեցին երկիւղածքն Տեառն իւրաքանչիւր ընդ ընկերի՛ իւրում. եւ անսա՛ց Տէր. եւ լուա՛ւ եւ գրեաց գիր յիշատակի առաջի երկիւղածա՛ց Տեառն, եւ որոց սարսեն յանուանէ նորա։ 17 Եւ եղիցին ինձ՝ ասէ Տէր ամենակալ, յաւուր յորում ե՛ս արարից փրկութիւն, եւ փայփայեցի՛ց զնոսա՝ որպէս փայփայէ հայր զորդի զբարւոք ծառայեալն նմա[10926]։ 18 Եւ դարձջիք եւ տեսջիք ՚ի մէջ արդարոյն եւ ՚ի մէջ անօրինին, եւ ՚ի մէջ ծառայելոյն Աստուծոյ՝ եւ ՚ի մէջ չծառայելոյն[10927]։

4
Գլուխ Դ

1 Զի ահա եկեսցէ օր Տեառն բորբոքեալ իբրեւ զհնոց, եւ այրեսցէ զնոսա. եւ եղիցին ամենայն այլազգիք, եւ ամենայն որ գործեն զանօրէնութիւն եղէ՛գն. եւ վառեսցի զնոքօք օրն որ գալոց իցէ, ասէ Տէր ամենակալ. եւ մի՛ մնասցէ նոցա արմատ եւ մի՛ ուռ[10928]։ 2 Եւ ծագեսցէ՛ ձեզ երկիւղածաց անուան իմոյ արեգա՛կն արդարութեան, եւ բժշկութիւն ՚ի թեւս նորա. եւ ելջիք եւ խայտասջիք իբրեւ ո՛րթք արձակեալք ՚ի կապոյ[10929]։ 3 Եւ կոխեսջիք զանօրէնս, եւ եղիցին մոխի՛ր ՚ի ներքոյ ոտից ձերոց յաւուրն զոր ե՛ս արարից՝ ասէ Տէր ամենակալ։

Դ 5 Եւ ահա ե՛ս առաքեմ առ ձեզ զԵղիա Թեզբացի. մինչչեւ եկեալ է օր Տեառն մեծի եւ երեւելւոյ[10930]. 6 որ պատրաստեսցէ զսիրտս հօր առ որդի, եւ զսիրտս առն առ ընկեր իւր, գուցէ՛ եկեալ հարկանիցեմ զերկիր միանգամայն[10931]։ 4 Յիշեցէ՛ք զօրէնսն Մովսիսի ծառայի իմոյ. որպէս պատուիրեցի նմա ՚ի Քորէբ, զամենայն զհրամանս եւ զիրաւունս։

Կատարումն Աստուծով Երկոտասան սուրբ մարգարէիցն[10932]:

[10897] Յօրինակին. Սիրեցի զքեզ՝ ասէ Տէր։ Ոմանք. Եղբայր էր Եսաւայ Յակոբ, ասէ։

[10898] ՚Ի լուս՛՛. Նորա ՚ի բաշխ անապատի. համաձայն ոմանց ՚ի բնաբ՛՛։ Ուր ոմանք. յանապատի։

[10899] Ոմանք. Զի թէ ասասցէ Եդոմ եթէ ահա... եւ կոչեսցին նոցա սահ՛՛... տայցէ պատերազմ։

[10900] Ոմանք. Եթէ Հայր եմ, ո՞ւր են փառքն... քահանայք էք որ բամբա՛՛։

[10901] Ոմանք. Եւ ասէք. Ի՞ւ պղ՛՛... յասելն ձերում թէ... եւ զոր ինչ դնին ՚ի վերայ։ Բազումք յաւելուն. Դնի ՚ի վերայ արհամարհէք։

[10902] Ոմանք. Զի եթէ մատուցանէք զկոյրն։

[10903] Ոսկան. Եւ պատարագք սուրբք։

[10904] ՚Ի բազումս պակասի. Արհամարհեալ է։

[10905] Բազումք. Մատուցանէք ինձ զյափշտակեալն։ Ոմանք. Եթէ ընկալայց զնա ՚ի ձեռաց։

[10906] Ոմանք. Անիծեալ իցէ մարդն։

[10907] Ոմանք. Ահաւադիկ ես որո՛՛։ Ոսկան. Զձեզ թեկն։

[10908] Ոմանք. Իմ որ էր ընդ նմա։

[10909] Բազումք. Եւ անիրաւութիւն ոչ գտաւ։

[10910] Ոսկան. Հայր է ամենեցուն ձեզ։

[10911] Ոսկան. Գարշելի գործեցաւ յԻսրայէլի։ Բազումք. ՚Ի ձեռն այնոցիկ զոր սիրեացն։

[10912] Ոսկան. Եւ լալով քով յաշխա՛՛։ Բազումք. Եւ կամ առնուլ ընդունե՛՛։

[10913] Ոմանք. Ուխտ ընդ մէջ քո, եւ ՚ի մէջ։

[10914] Ոմանք. Առ ատել արձակիցես... եւ զգոյշ լերուք։

[10915] Ոմանք. Բարւոք թուի յաչս Տեառն։

[10916] Ոմանք. Զճանապարհս առաջի իմ... ահաւասիկ գայ։ Բազումք. Տէր՝ զոր դուքն խնդ՛՛։

[10917] Ոմանք. Եւ ո՛ ժուժկալեսցէ... եւ իբրեւ զաւճառ լուանալեաց։

[10918] Ոմանք. Եւ նստցի ՚ի ձուլել եւ ՚ի սրբել... մատուցանել պատարագս արդարութեան։

[10919] Ոմանք. Ոյք երգնուն յանուն իմ... եւ որ հատանիցեն... եւ որ յաղթահարիցեն զայրիս՝ եւ կռփիցեն զորբս, եւ որ խոտորիցեն։

[10920] Յոմանս պակասի. Ձերոց. խուսափեցէք յօրինաց իմոց, եւ ոչ։ Ոմանք. Ասէ Տէր Տէր ամենակալ։

[10921] ՚Ի լուս՛՛. Եւ չարկանելով չարկանէք եւ խաբէք զիս. համաձայն ոմանց ՚ի բնաբ՛՛։

[10922] Ոմանք. Եւ դարձարուք այդ՛՛... ոչ բացից զպատուհա՛՛։

[10923] Բազումք. Եւ զգուշացայց կերակրոցն։

[10924] Յօրինակի մերում, որպէս եւ յայլս ոմանս՝ թուի թէ սակս նմանօրինակ վերջաւորութեան նախընթաց համարոյն եւ այսմ՝ ասէ Տէր ամենակալ,՚ի վրիպմանէ գրչաց ՚ի բաց թողեալ էր համարս 12. *Եւ երանիցեն ձեզ, եւ այլն. զոր ՚ի դէպ համարեցաք լցուցանել յայլոց գրչագրաց ըստ համեմատութեան բնագրին։

[10925] Ոմանք. Եթէ ՚ի զուր է ամենայն։

[10926] Ոմանք. Եւ եղիցի ինձ ասէ Տէր։

[10927] Յօրինակին պակասէր. Եւ դարձջիք եւ տես՛՛։ Ոմանք. ՚Ի մէջ ծառայելոյն՝ եւ ՚ի մէջ չծառայելոյն Աստուծոյ։

[10928] Ոմանք. Իբրեւ զբորբոքեալ հնոց։ Բազումք. Եւ ամենեքին որ գործեն... որ գալոց է՝ ասէ Տէր։

[10929] Ոմանք. Երկիւղածաց իմոց արեգակն։

[10930] Այլք. Մինչչեւ եկեալ իցէ օր Տեառն։ Աստանօր յօրինակս Ճաշոցաց գտանի գրեալ՝ Օր Տեառն մեծ եւ երեւելի. ուր ամենայն գրչագիրք՝ ընդ որս եւ Ոսկան՝ ունին համեմատ մերումս։

[10931] Ոմանք. Զսիրտ հօր առ որդի, եւ զսիրտ առն։

[10932] ՚Ի վախճանի ամենայն գրչագիրք ունին համաձայն մերումս, բաց ՚ի միոյ օրինակէ որ դնէ. Կատարումն ՚ի Տէր Մարգարէութեանց երկոտասանիցն։ Օրինակ մի զկնի Երկոտասան մարգարէից կարգէ զԴանիէլ, եւ ապա զԵրեմիա։

Ցանկ

Նախորդ էջ Ցանկ Հաջորդ էջ