1 Առած զոր ետես Ամբակում մարգարէ։
Ա 2 Մինչեւ յե՞րբ Տէր աղաղակիցեմ, եւ ո՛չ լուիցես. գոչիցեմ առ քեզ զրկեալ՝ եւ ո՛չ փրկիցես։ 3 Ընդէ՞ր ցուցեր ինձ աշխատութիւնս եւ վաստակս, տեսանե՛լ զթշուառութիւն եւ զամպարշտութիւն։ Առաջի իմ եղեւ դատաստան, եւ առնոյր դատաւորն կաշառս։ 4 Վասն այնորիկ ցրուեցան օրէնք, եւ իրաւունք ՚ի գլուխ ո՛չ ելանեն. զի ամպարիշտն յաղթահարէ զարդարն. վասն այնորիկ ելանէր դատաստանն թեւր։ 5 Տեսէ՛ք արհամարհոտք՝ եւ հայեցարո՛ւք, եւ զարմացարո՛ւք զարմանս՝ եւ եղծարո՛ւք. զի գործ մի գործե՛մ ես յաւուրս ձեր, որում ո՛չ հաւատայցէք՝ թէպէտ եւ ոք պատմեսցէ ձեզ[10706]։ 6 Զի ահա ես զարթուցանեմ զՔաղդէացիս, զազգ դառն եւ զերագ, որ գնայ ընդ լայնութիւն երկրի ժառանգել զխորանս որ ո՛չ իւր են[10707]։ 7 Ահե՛ղ եւ երեւելի եւ դատաստան նորա յանձնէ իւրմէ եղիցի. եւ առած իւր յինքենէ ելցէ[10708]։ 8 Վազեսցեն առաւել քան զինծս երիվարք նոցա. երագո՛ւնք քան զգայլս Արաբացւոց. ասպատակեսցեն սպառազէնք նորա, եւ դիմեսցեն ՚ի հեռաստանէ. եւ սլասցին իբրեւ զարծուիս յօժարութեամբ ՚ի վերայ կերակրոյ[10709]։ 9 Կատարած ամպարշտաց հասցէ՝ դարձելոցն ընդդէմ երեսաց նորա. կուտեսցէ զգերի իբրեւ զաւազ[10710]։ 10 Եւ ինքն ընդ թագաւորս փափկասցի. եւ բռնաւորք խաղալիկք նորա. եւ ինքն ընդ ամենայն ամուրս խաղալո՛վ խաղասցէ. եւ կուտեսցէ հողակոյտս, եւ կալցի՛ զնա[10711]։ 11 Յայնժամ փոխեսցին միտք նորա, անցցէ եւ հաճեսցի՛. այս զօրութիւն Աստուծոյ իմոյ է[10712]։ 12 Ոչ ապաքէն դո՛ւ ես իսկզբանէ Տէր Աստուած մեր. եւ մի՛ մեռցուք՝ Տէր ՚ի դատաստա՛ն եդիր զնա. եւ ստեղծեր զիս յանդիմանել զխաղ նորա։ 13 Սուրբ է ակն քո ՚ի տեսանելոյ զչարիս, եւ հայել յաշխատութիւնս ո՛չ կարասցես։ Զմէ՞ հայեցար յարհամարհոտս եւ ստունգանեցեր, ՚ի կլանել ամպարշտի զարդարն[10713]. 14 եւ առնիցես զմարդիկ իբրեւ զձկո՞ւնս ծովու. եւ իբրեւ զսողո՞ւնս որոց ո՛չ գոյ առաջնորդ։ 15 Զվախճան կարթիւ կորզեաց, եւ ձգեաց զնա ցանցիւ իւրով. եւ ժողովեաց զնա ուռկանօք իւրովք։ Վասն ա՛յնորիկ ուրա՛խ եղիցի եւ ցնծասցէ սիրտ նորա[10714]. 16 եւ վասն նորին զոհեսցէ ուռկանին իւրում, եւ խունկս ծխեսցէ ցանցին իւրում. զի նոքօք պարարեաց զբաժին իւր, եւ կերակուր իւր ընտիր[10715]։ 17 Վասն այնորիկ սփռեսցէ զցանցն իւր, եւ միշտ կոտորել զազգս ո՛չ խնայեսցէ[10716]։
Բ 1 ՚Ի պահո՛ւ իմում կացից, եւ ելից ՚ի վերայ վիմի. եւ դիտեցից տեսանել զի՞նչ խօսիցի ընդ իս, եւ զի՛նչ տացէ պատասխանի յանդիմանութեան իմոյ[10717]։ 2 Պատասխանի ետ ինձ Տէր՝ եւ ասէ. Գրեա՛ զտեսիլդ զայդ յայտնապէս ՚ի տախտակս. զի որ ընթեռնուն՝ համարձա՛կ ընթեռնուցու։ 3 Զի տակաւին տեսիլդ ՚ի ժամանակս է. եւ ծագեսցէ ՚ի սպառ՝ եւ ո՛չ յունայնութեան։ Բայց եթէ անագանեսցի՝ համբե՛ր նմա. զի որ գալոցն է եկեսցէ՝ եւ ո՛չ անագանեսցի[10718]. 4 եւ եթէ երկմտեսցէ ոք՝ ո՛չ հաճեսցի ընդ նա անձն իմ։ Զի արդարն իմ ՚ի հաւատոց իմոց կեցցէ[10719]։ 5 Այլ կարծօղն եւ արհամարհօղն՝ ա՛յր ամբարտաւա՛ն է՝ եւ ո՛չ ինչ վճարեսցէ։ Որ ընդարձակեաց իբրեւ զդժոխս զանձն իւր, եւ անյա՛գ եղեւ իբրեւ զմահ. եւ ժողովեաց առ ինքն զամենայն հեթանոսս, եւ զազգս ամենայն յի՛նքն ամփոփեսցէ[10720]։ 6 Ոչ ապաքէն զայս ամենայն առակ՝ զնմանէ՛ առակեսցեն. եւ զնա արկցեն յերգ եւ ասասցեն. Վա՛յ որ յաճախէ անձին իւրում որ ո՛չ իւր իցէ. եւ մինչեւ ցե՞րբ ծանրացուցանէ զանուր իւր ծանրութեամբ։ 7 Զի յանկարծակի՛ յարիցեն կերիչք նորա, եւ զարթիցեն դաւաճանք նորա. եւ եղիցես նոցա յափշտակութիւն[10721]։ 8 Զի դո՛ւ կողոպտեցեր զազգս բազումս, եւ զքեզ կողոպտեսցեն ամենայն մնացորդք ժողովրդոց՝ վասն արեանց մարդկան, եւ ամպարշտութեան երկրի եւ քաղաքի՝ եւ ամենայն բնակչաց նորա։ 9 Վա՛յ որ ագահէ զագահութիւն չար՝ տա՛ն իւրոյ, դնել ՚ի բարձունս զբոյն իւր, կորզել ՚ի ձեռաց չարաց։ 10 Խորհեցա՛ր զամօթ տան քոյ. սպառեցեր զազգս բազումս. եւ յանցեա՛ւ անձն քո։ 11 Զի քա՛ր ՚ի հիմանէ աղաղակեսցէ. եւ ո՛րդն ՚ի փայտէ գոչեսցէ զայդ։ 12 Վա՛յ որ շինէ զքաղաք արեամբ, եւ պատրաստէ զքաղաք անիրաւութեամբ։ 13 Ո՞չ այս ամենայն ՚ի Տեառնէ ամենակալէ է. եւ պակասեսցին ժողովուրդք բազումք ՚ի հրոյ, եւ ազգք բազումք նուազեցան[10722]։ 14 Զի լցցի երկիր գիտութեամբ փառաց Տեառն իբրեւ զջուրս բազումս որ ծածկեն զծովս[10723]։ 15 Վա՛յ որ արբուցանէ ընկերի իւրում հրապո՛յրս պղտորս. եւ արբուցանէ զի հայեսցի յայրս նոցա[10724]։ 16 Զյագուրդ անարգանաց ՚ի փառաց, ա՛րբ եւ դու, շարժեա՛ց եւ դողա՛։ Պաշարեաց զքեզ բաժակ աջո՛յ Տեառն. եւ ժողովեցաւ անարգութիւն ՚ի վերայ փառաց քոց։ 17 Զի ամպարշտութիւն Լիբանանու ծածկեսցէ զքեզ, եւ թշուառութիւն գազանաց զարհուրեցուսցէ զքեզ. վասն արեանց մարդկան եւ ամպարշտութեան երկրի եւ քաղաքի՝ եւ ամենայն բնակչա՛ց նորա[10725]։ 18 Զի՞նչ օգուտ է դրօշեալ զի դրօշեցին զնա. ստեղծին զնա ձուլածոյ, երեւոյթ սուտ. զի յուսացաւ որ ստեղծն ՚ի ստեղծուածն իւր առնե՛լ իւր կուռս անօգուտս։ 19 Վա՛յ որ ասէ ցփայտ. Սթափեա՛ց եւ զարթի՛ր, եւ ցքարն՝ թէ բարձրացի՛ր, եւ նա՛ է երեւոյթ առ աչօք. եւ նա՛ է կռած արծաթոյ եւ ոսկւոյ, եւ ամենեւին շունչ ո՛չ գոյ ՚ի նոսա[10726]։ 20 Այլ Տէր ՚ի տաճարի՛ սրբութեան իւրում. եւ երկիցէ յերեսաց նորա ամենայն երկիր[10727]։
1 Աղօթք Ամբակումայ մարգարէի երգով։
Գ 2 Տէր՝ զլուր քո լուա՛յ եւ երկեայ. Տէր՝ հայեցայ ՚ի գործս քո՝ եւ զարհուրեցայ։ ՚Ի մէջ երկո՛ւց գազանաց ծանիցիս. ՚ի մերձենալ ամացն յայտնեսցիս. ՚ի հասանե՛լ ժամանակին երեւեսցիս. ՚ի խռովել անձին իմոյ ՚ի բարկութեան զողորմութիւնս յիշեսցես[10728]։ 3 Աստուած ՚ի Թեմանայ եկեսցէ, եւ Սուրբն ՚ի հովանաւոր եւ յանտառախիտ լեռնէ։ Հանգիստ։ Ծածկեցին զերկինս փառք նորա. օրհնութեամբ նորա լի՛ եղեւ երկիր։ 4 Ճառագայթք նորա իբրեւ զլոյս եղիցին, եւ եղջեւրք ՚ի ձեռին նորա. 5 եւ հաստատեաց զսէր սաստիկ զօրութեան իւրոյ։ Առաջի երեսաց նորա գնասցէ բան. եւ ելցէ ՚ի դաշտս զկնի նորա[10729]։ 6 Եկաց՝ եւ շարժեցաւ երկիր, հայեցաւ՝ եւ հալեցան ազգք. լերինք խորտակեցան բռնութեամբ, եւ բլուրք յաւիտենականք հալեցան։ Զգնացս նորա յաւիտենական[10730] 7 փոխանակ աշխատութեանց տեսի։ Խորանք Եթւովպացւոց զարհուրեցան. եւ խորանք երկրին Մադիամու։ 8 Միթէ գետոց բարկասցի՛ս Տէր. կամ սրտմտութիւն քո ՚ի վերայ գետոց, կամ ասպատակ քո ՚ի վերայ ծովու. զի ելցե՛ս յերիվարս քո, եւ հեծելութիւն քո փրկութիւն է[10731]։ 9 Լարելո՛վ լարեսցես զաղեղն քո ՚ի վերայ իշխանութեան ասէ Տէր. գետո՛ց պատառեցաւ երկիր[10732]. 10 տեսցեն զքեզ ազգք՝ եւ երկնեսցեն. որ ցանես զջուրս գնացից։ Ետո՛ւն անդունդք զձայնս իւրեանց, զբարձրութիւն սաստկութեան իւրեանց։ 11 Բարձաւ արեգակն, եւ լուսին եկաց ՚ի կարգի իւրում. գնասցեն նետք քո ՚ի լոյս, ՚ի փայլի՛ւն փայլատականց զինուց քոց[10733]։ 12 Սպառնալեօք նուազեցուցեր զերկիր. եւ բարկութեամբ զիջուսցես զազգս։ 13 Ելեր ՚ի փրկութիւն ժողովրդեան քոյ՝ փրկե՛լ զօծեալս քոյ. արկեր զգլխով անօրինաց մահ. զարթուցեր զկապանս մինչեւ ցպարանոցս ՚ի սպառ։ Հանգիստ[10734]։ 14 Խորտակեցեր ապշութեամբ զգլո՛ւխս բռնաւորաց. սասանեսցին ՚ի նմա. արձակեսցեն զերասանակս իւրեանց իբրեւ զտնանկ գաղտակեր[10735]։ 15 Հաներ ՚ի ծով զերիվարս քո, պղտորել զջուրս բազումս[10736]։ 16 Զգուշացայ եւ զարհուրեցա՛ւ սիրտ իմ ՚ի ձայնէ աղօթից շրթանց իմոց. եմուտ դողումն յոսկերս իմ. եւ խռովեցաւ փո՛ր իմ ՚ի ներքուստ. հանգեա՛յց յաւուր նեղութեան, ելանե՛լ ինձ ՚ի ժողովուրդ պանդխտութեան իմոյ։ 17 Զի թզենի ո՛չ տացէ զպտուղ իւր, եւ մի՛ եղիցի ծնունդ որթոյ. ստեսցէ՛ բեր ձիթենւոյ, եւ դաշտք մի՛ արասցեն զկերակուր. պակասեսցեն հօտք ՚ի ճարակոյ, եւ ո՛չ իցեն եզինք ՚ի մսուրս[10737]։ 18 Այլ ես ՚ի Տէր ցնծացայց, եւ ուրա՛խ եղէց յԱստուած Փրկիչ իմ։ 19 Տէր Աստուած զօրութիւն իմ, եւ կարգեսցէ զոտս իմ ՚ի վախճան. եւ հանցէ զիս ՚ի բարձունս յաղթել երգով նորա[10738]։
Կատարեցաւ Մարգարէութիւնն Ամբակումայ:
[10706] Ոմանք. Յորում ոչ հաւատայցէք... պատմիցէ ձեզ։
[10707] Ոմանք. Զազգ դառն եւ զերակ։
[10708] Ոմանք. Եւ դատաստան իւր... եւ առած նորա յին՛՛։
[10709] Յոմանս պակասի. Զարծուիս յօժարութեամբ ՚ի վերայ։
[10710] ՚Ի լուս՛՛. Ընդդէմ երեսաց նոցա. համաձայն ոմանց ՚ի բնաբ՛՛։
[10711] Ոմանք. Հողակոյտս. եւ ընկալցի զնա։
[10712] Ոսկան. Այս զօրութեան իմոյ է։
[10713] ՚Ի լուս՛՛. Եւ հայել յիրաւունս ոչ կարաս՛՛։ Ոմանք. Յարհամարհոտս՝ եւ լռեցեր, ՚ի կլ՛՛։
[10714] Բազումք. Զվախճանն կար՛՛։
[10715] Յօրինակին պակասէր. Եւ կերակուր իւր ընտիր։
[10716] Ոմանք. Սփռեաց զցանց իւր։ Յօրինակին պակասէր. Կոտորել զազգս ոչ խնայ՛՛։
[10717] Օրինակ մի. Վասն պահու իմում։ Ոմանք. Զինչ խօսեսցի... յանդիմանութեան իմում։ Ուր Ոսկան. իւրում։
[10718] Ոմանք. Եւ ոչ յունայնութիւն. բայց թէ անարգեսցի՝ համբեր նմա։
[10719] Ոմանք. Ընդ այն անձն իմ. զի արդարն ՚ի հաւատոց կեցցէ։
[10720] Ոմանք. Եւ ժողովեսցէ առ ինքն։
[10721] Ոմանք. Եւ յանկարծակի յարի՛՛։
[10722] Ոմանք. Ո՞չ այդ ամենայն... եւ պակասեցին ժո՛՛։
[10723] Ոմանք. Զի լցաւ երկիր... իբրեւ ջուր բազում որ ծածկէ զծովս։
[10724] Ոմանք. Զի հայեսցի յայս նոցա։
[10725] Ոմանք. Եւ ամբարշտութեանց երկ՛՛։
[10726] Ոմանք. Որ ասէ ցփայտս. Թափեաց եւ զար՛՛... եւ նա է կրարծաթոյ եւ ոսկ՛՛։
[10727] Ոմանք. Սրբութեան իւրոյ։
[10728] Ոմանք. Ժամանակի... զողորմութիւն յիշեսցես։
[10729] Ոսկան. Եւ անդ հաստատեաց զսէր։
[10730] Ոմանք. Եւ եկաց եւ շարժե՛՛... զգնացս նորա յաւիտենականս. փո՛՛։
[10731] Ոմանք. Կամ ասպատակք քո։
[10732] Ոմանք. Գետոց պատառեսցէ։
[10733] Յօրինակին պակասէր. Փայլատականց զինուց քոց։
[10734] Ոմանք. Արկեր զգլուխ անօրինաց։ Ոմանք յաւելուն. Զարթուցեր զպարանոցս զկապանս մին՛՛։
[10735] ՚Ի լուս՛՛. Խոտորեցեր ապշութեամբ. համաձայն ոմանց ՚ի բնաբ՛՛։
[10736] Ոմանք. Պղտորեցեր զջուրս բա՛՛։
[10737] Ոմանք. Պակասեսցին հօտք ՚ի ճարակաց։
[10738] Ոմանք. ՚Ի բարձունս յաղօթել երգով նորա։